Կարո՞ղ է պատահել, որ Արամ Առաջինը դառնա Փաշինյանի և դեմոկրատների «միջնորդ». Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Թելեգրամի իր ալիքում գրում է. «Անթիլիասը հայտնում է բավականին ուշագրավ մի հանդիպման մասին, որ տեղի է ունեցել Կիլիկիո կաթողիկոսությունում: Արամ Առաջինին հյուր է գնացել Նենսի Փելոսին, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակը և ներկայումս ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսմենը: Ընդ որում, նա արդեն հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին, իսկ օրերս էլ արժանացել էր Դոնալդ Թրամպի հերթական կոշտ բնորոշումներին:

Փելոսիի ու Թրամպի միջև այդպես էլ չվերացավ գրեթե բացահայտ հակակրանքը: Եվ սա ուշագրավ դրվագ է, որի հանդեպ արժե լինել հետաքրքիր, այդ թվում Փելոսիի՝ Անթիլիաս այցի կապակցությամբ:

Արամ Վեհափառի հետ նա քննարկել է շատ տարբեր հարցեր, այդ թվում՝ Հայաստանի հարցը, Մերձավոր Արևելքի, ԱՄՆ հայ համայնքի հարցեր:

Հիշու՞մ եք, որ 2024-ի նոյեմբերի 5-ի քվեարկությունից օրեր առաջ Արամ Առաջինին էր զանգահարել այն ժամանակ դեռևս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպը: Եվ հիշում եք, որ Արամ Առաջինը նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահն է՝ մինչև 2027 թվական:

Թրամպը չի՞ խանդի, եթե իմանա, որ Արամ Առաջինն ընդունել է Նենսի Փելոսիին: Սա մեզ համար ամենևին կողմնակի դիտման հարց չէ, ինչպես կարող է թվալ շատերին: Եվ ոչ այն պատճառով, որ՝ չնայած իր պատկառելի տարիքին բավականին սիրունատես տիկին Փելոսին 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում էր: Կամ՝ ոչ միայն զուտ այդ պատճառով, այլ նաևՀայաստանում իշխանական ու մերձիշխանական շրջանակների հետագա տրանսֆորմացիայի:

2025-ի օգոստոսի 8-ից հետո Նիկոլ Փաշինյանը դժգոհում էր դեմոկրատական վարչակազմից: Բայց կարո՞ղ է պատահել, որ Արամ Առաջինը դառնա Փաշինյանի և դեմոկրատների «միջնորդ»:

Հիշեցնեմ, որ մոտ երեք շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի մոտ էր Արամ Վեհափառի բանագնացը»:

Տեսանյութեր

Լրահոս