Պողոս Պողոսյանի հարազատները պետք է սկզբունքորեն դեմ լինեն իրենց հարազատի շիրիմիը ներքաղաքական «գործիք» դարձնելուն. Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ներկայիս ժամանակաշրջանի ապաբարոյականության ցավագին ու աղաղակող վկայությունն այն է, երբ դատարանը «նոր ի հայտ եկած հանգամանքների» անվան ներքո կայացնում է որոշում, ըստ որի՝ կարվի Առագաստ սրճարանում 24 տարի առաջ սպանված Պողոս Պողոսյանի արտաշիրիմում: Ըստ վճռի, դա անհրաժեշտ է, որովհետեւ հնարավոր է եղել է դիտավորյալ սպանություն:

Սրա ի՞նչն է ապաբարոյական, կհարցնեն շատերը: Այն, որ այս վճիռն իհարկե չունի որեւէ այլ մոտիվ, քան քաղաքականը: Դե ֆակտո, մարդու գերեզմանն են «տակնուվրա» անում, ընդամենը գործը երկրորդ նախագահ Քոչարյանի դեմ նախընտրական խաղարկման ենթարկելու մղումով: Դա պարզապես ակնառու է: Ըստ էության հենց այս նպատակով էլ «հայտնաբերվեց» շոտլանդացի վկան, որն ըստ գործի՝ Առագաստի զուգարանում հայտնաբերել էր Պողոսյանի մարմինը:

«Հայտնաբերեցին» այդ վկային, բերեցին Երեւան, ցուցմունք տվեց, որից հետո էլ առաջացավ «նոր հանգամանքների» թեման:

Հիմա շատերը կասեն, թե՝ բայց չէ՞ որ մարդը սպանվել է: Այո, եւ, եթե ես դույզն իսկ համոզված լինեի, որ իրապես որեւէ մեկին անկեղծորեն հետաքրքրել է այդ սպանության ամբողջական քննությունն ու բացահայտումը եւ հենց դրա համար են ձեռնմուխ եղել գործին՝ գրեթե քառորդ դար անց, միարժեք կողջունեի այդ անկեղծ մղումը:

Սակայն կասկածից վեր է, որ բուն խնդիրն ընդամենը հարցը նախընտրական-ներքաղաքական նպատակով խաղարկելն է, ու դրա համար փաստորեն կանգ չեն առնում նույնիսկ մարդու շիրիմի «շուռումուռ» տալու առաջ:

Չգիտեմ՝ ինչպես է կարգը, արդյո՞ք հարազատների թույլտվությունը անհրաժեշտ է այդ հարցում, բայց կարծում եմ, որ Պողոս Պողոսյանի հարազատները պետք է սկզբունքորեն դեմ լինեն իրենց հարազատի շիրիմիը ներքաղաքական «գործիք» դարձնելուն: Կրկնեմ, որովհետեւ «սեղանին» ակնհայտորեն ոչ թե արդարությունը վերականգնելու, այլ ընդամենը քարոզչական արդյունք ստանալու հարց է:

Այստեղ է նաեւ կարեւոր հանրային դիրքորոշումը: Որովհետեւ, վերջին հաշվով հանրային դիրքորոշումներն է, որ պետք է սահմանեն քաղաքական պայքարի այնպիսի նշաձողեր, որոնք չլինեն բարոյականությունից անդին: Հանրությունն է, որ պետք է իր դիրքորոշումներով սահմանի կարմիր գծեր՝ ներքաղաքական պրոցեսների համար»:

Տեսանյութեր

Լրահոս