Բաժիններ՝

Աշոտ Աղաբաբյան. Այն հարցերը, որ բարձրացնում են մեր ազատամարտիկները՝ ճշմարտություն է

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Արցախյան պատերազմում հաղթանակած զինվորը այսօր դուրս է գալիս հրապարակ և պայքարում է իր սեփական իրավունքների, սոցիալական պայմանների համար, Ձեր մարտական ընկերների այս պահանջները արդարացի՞ եք համարում, ասել է.

«Ես յուրաքանչյուր ժամանակ լավ եմ վերաբերվում այն հարցերին, որը որ մարդիկ տեղին բողոքում են, որովհետև չի կարելի երկրապահի կամ ընդհանրապես կռված տղայի իրավունքները պետությունը չպաշտպանի: Այն հարցերը, որ բարձրացնում են մեր ազատամարտիկները, իմ կարծիքով, ճշմարտություն է, բայց խնդիրն ինչո՞ւմ է, որ պետությունը իր հնարավորությունների չափ է կարողանում բոլորի կողքը կանգնել: Ամբողջ խնդիրը դրանում է և հնարավոր լինելու պարագայում, իմ կարծիքով, պայմանները լավանալուց հետո մեր թոշակառու ազատամարտիկներն ավելի լավ են ապրելու: Որովհետև դա միայն այն ապացույցը կլինի, որ պետության կողմից նրանք գնահատված լինեն և որ հայ երիտասարդները մտածեն՝ այս պետությունը իրենց մասին մտածում է և հարկ եղած դեպքում` նրանք էլ չխուսափեն ու մեկնեն պատերազմ: Ես համոզված եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում առաջնահերթությունը լավ պայմանների ազատամարտիկներինն է լինելու»:

Հարցադրումներին, թե ի՞նչ օր է մայիսի 28-ը Ձեզ համար, ո՞ւր եք գնում, ի՞նչ եք անում այս օրերին, ինչպե՞ս եք հիշում ու նշում ՀՀ առաջին հանրապետության օրը, նա պատասխանել է.

«Երեկ անկախության բանակի օրն էր, գնացել էինք գերեզմաններ՝ մեր մարտական ընկերներով` մեր մարտական նահատակված ընկերների շիրիմներին այցելության: Նաև այսօրվա օրն ենք հիշատակել: Իսկ այսօր հայրիկիս գերեզմանին եմ այցելելու, ով Երկրորդ համաշխարհայինի զոհերից է, երեկոյան հավաքվելու ենք տղաներով և մեր հիշողություններով բարի ժամանակ ենք անցկացնելու, սովորաբար այդպես ենք անում»:

Պատասխանելով հարցին, թե որո՞նք են ՀՀ առաջին իշխանությունների սխալները, ի՞նչ պետք է անել, որ այսօր չկրկնենք պատմության սխալները, ինչպե՞ս կգնահատեք այսօրվա իշխանությունների գործունեությունը, Աշոտ Աղաբաբյանն ասել է.

«Առաջին հանրապետության սխալների համար խոսելու համար հարկավոր է ինֆորմացիա… Ինչ մենք գիտեինք կոմունիստական հասարակարգի ժամանակ մեր սխալների մասին, դրանց մի մասը չէին համապատասխանում իրականությանը, որովհետեւ արխիվները փակ էին այն ժամանակ, մոտավոր կարծիքներ ունեինք այն մասին, թե ինչպես Առաջին հանրապետությունը քանդվեց եւ ստեղծվեց կոմունիստական հանրապետություն:

Հիմա ամեն ինչ անում ենք, որ չունենանք չորրորդ, հինգերորդ հանրապետություն: Այնպես չլինի, որ կործանվենք, կորցնենք, հետո նորից վերագտնենք: Իմ կարծիքով՝ հայ ժողովրդի էությունը, հոգևոր աշխարհը արդեն ամրապնդվել են այսօրվա Հայաստանում և, իմ կարծիքով, այսօրվա Հայաստանը պետք է հարյուրամյակներ անցնի: Կփոխվեն ղեկավարները, բայց Հայաստանը կայուն կմնա: Մեր համար շատ կարևոր հանգամանք կլինի շրջափակումից դուրս գալը: Այն իշխանությունները, որոնց որ կհաջողվի, իհարկե, բոլոր չափանիշները պահպանելով, շրջափակումից դուրս բերել երկիրը, այդ իշխանությունը այս երկրի հաղթող իշխանությունը կլինի նաև: Այսինքն` մեր հաղթանակը Արցախյան պատերազմում առաջին փուլը կլինի հաղթանակի, իսկ երկրորդ փուլը հայ ժողովրդի հաղթանակի կլինի երկիրը այս շրջափակումից դուրս բերելը՝ ճանապարհները բացելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս