Վրաստանը կարող է մի օր փակել Հայաստան բեռների ճանապարհը, որն էլ Ադրբեջանին հնարավորություն կտա բլոկադայի ենթարկել Հայաստանին. Մհեր Աբրահամյան
«Բաքվի տարածքով Հայաստան եկող բեռները կարող են մեզ լուրջ խնդրի առջև կանգնեցնել, քանի որ սա, կարծես թե, դուր չի գալիս Վրաստանին, որը եղել է հիմնական տրանզիտ ուղին Հայաստան եկող բեռների,- Ֆեյսբուքի իր էջում գրել է թյուրքագետ Մհեր Աբրահամյանը և մանրամասնել,– Այս հանգամանքով է, կարծում եմ, պայմանավորված վերջերս վրացիների` մեղմ ասած վատ վերաբերմունքը, ինչի արդյունքում Վրաստանը կարող է մի օր որոշել փակել բեռնափոխադրումները դեպի Հայաստան, որը հնարավորություն կտա Ադրբեջանին լիովին բլոկադայի ենթարկել Հայաստանը:
Իսկ Իրանը, կարծում եմ, դեռ կասի իր խոսքը «Թրամփի ուղի» կոչվածի հետ կապված, և սա ևս կարող է լուրջ բլոկադայի վտանգ հանդիսանալ: Ապաշրջափակումը կարող է դառնալ լիարժեք շրջափակում, երբ մենք մնանք միայն թուրքական ճանապարհների հույսին, որը լիարժեք բխում է թուրքական շահերից»:

