ԱԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու Սերժ Սարգսյանը չի մասնակցում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Բիշքեկում կայանալիք ոչ պաշտոնական գագաթաժողովում դաշինքի անդամ երկրները քննարկելու են Կենտրոնական Ասիային առնչվող խնդիրներ: Այս մասին Panorama.am-ին հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Ինչպես հայտնի է, վաղը` մայիսի 28-ին, Ղրղզստանի մայրաքաղաքում կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողով, որին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու: Panorama.am-ի հետ զրույցում՝ ԱԳՆ մամլո խոսնակն այս առնչությամբ ասել է. «Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր և ակտիվ անդամ է և միշտ իր մասնացությունն է բերում կազմակեպության բոլոր միջոցառումներին։ Այս անգամ ևս արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցեցին մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացած ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների առանձին հանդիպումներին և ապա նաև` համատեղ նիստին։

Մայիսի 28-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը ինչպես նշված է ՀԱՊԿ կայքում, նվիրված է կենտրոնասիական խնդիրների քննարկմանը։

Հայաստանի Նախագահը չի մասնակցելու այդ հանդիպմանը, քանի որ մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հանրապետության օրը և այդ կապակցությամբ նախատեսված են մի շարք միջոցառումներ պետության ղեկավարի մասնակցությամբ»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս