ԱՄՆ նախագահ Թրամփը մեկնել է Ճապոնիա
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ին Մալայզիայից ուղևորվել է Ճապոնիա։ Մայրաքաղաք Տոկիոյում նա հանդիպելու է Ճապոնիայի կայսեր, ինչպես նաև նորընտիր վարչապետի հետ։
«Քիչ առաջ մեկնեցի Մալայզիայից՝ հիանալի ու շատ վառ այս երկրից։ Ստորագրեցի խոշոր առևտրային գործարքներ և հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրեր, իսկ, ամենակարևորը, երեկ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղության պայմանագիր ստորագրեցի։ Ոչ պատերազմին։ Միլիոնավոր կյանքեր փրկվեցին։ Ինչ պատիվ է դա անելը։ Եվ հիմա՝ դեպի Ճապոնիա»,-Truth Social-ում գրել է Թրամփը։
Օրերս տեղի էր ունեցել Թրամփի և Ճապոնիայի նորընտիր ու առաջին կին վարչապետ Սանաե Տակաիչիի հեռախոսազրույցը, որի ժամանակ վերջինս ԱՄՆ նախագահին հայտնել էր, որ երկու երկրի միջև դաշինքի ամրապնդումն իր կառավարության «գլխավոր առաջնահերթությունն է»։ ԱՄՆ նախագահի ժամանման կապակցությամբ հազարավոր ոստիկաններ են կենտրոնացել մայրաքաղաք Տոկիոյում։
Հոկտեմբերի 24-ին ԱՄՆ դեսպանատան մոտ դանակով մարդ է ձերբակալվել։ Ակնկալվում է, որ Թրամփի այցի կապակցությամբ քաղաքում բողոքի ակցիա կիրականացվի։ Իր պաշտոնավարման մեկնարկից ի վեր ամենաերկարատև՝ ասիական այցը Թրամփը կեզրափակի Հարավային Կորեայում, որտեղ ակնկալվում է նրա հանդիպումը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։

