
Առարկայական նոր չափորոշիչներով, ծրագրերով և դասագրքերով օլիմպիական առաջադրանքներ չեմ կազմելու. Միքայել Մալխասյան

ԿԳՄՍՆ պատմության օլիմպիադայի հանրապետական հանձնախմբի նախագահի Միքայել Մալխասյանը գրում է. «ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ սեփական ցանկությամբ վայր եմ դրել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության օլիմպիադայի հանրապետական հանձնախմբի նախագահի լիազորությունները, որ իրականացնում էի 2018-2019 ուստարվանից սկսած։ Ես հստակ տեղեկացրել եմ նախարարությանը, որ առարկայական նոր չափորոշիչներով, ծրագրերով և դասագրքերով օլիմպիական առաջադրանքներ չեմ կազմելու։ Այս մոտեցումը կիսել են հանձնախմբի 8 անդամներից 7-ը, և արդյունքում այն անդամը, ով պատրաստակամ է աշխատել նոր մոտեցումներով, շուտով կնշանակվի հանձնախմբի ղեկավար։
Մեր հանձնախմբի աշխատանքի սկզբունքային մոտեցումն է եղել աշակերտների համար մրցակցային հավասար պայմաններ և օբյեկտիվություն ապահովելը, ինչպես նաև նոր տիպի առաջադրանքների ներդրման միջոցով միջազգային օլիմպիադային ՀՀ աշակերտների մասնակցությունը նախապատրաստելը։ Մեզ հաջողվել է առաջին սկզբունքը մեզնից կախված աշխատանքում` հանրապետական փուլում, լիովին ապահովել, իսկ երկրորդ սկզբունքը մեր մասով ապահովվել է, սակայն ոլորտի պատասխանատուների կողմից ընթացք երբևէ չի տրվել։
Արդարության և օբյեկտիվության մոտեցումն ինձ համար միշտ առաջնային է համարվել, որովհետև ինքս օլիմպիական շարժման մեջ եմ 6-րդ դասարանից, և պատմության հանրապետական օլիմպիադայի բացարձակ հաղթող եմ եղել 2006-2007 ուստարում, իսկ հաջորդ ուստարվանից 10 տարի եղել եմ Երևանի մարզային, իսկ 2013-2014 ուստարվանից` հանրապետական հանձնախմբի անդամ։ Կարծում եմ` Հայաստանում օլիմպիական շարժմանը հրաժեշտ տալու ժամանակս է, և պատրաստ եմ աշխատել միայն միջազգային օլիմպիադային պատրաստվող աշակերտների հետ։ Օլիմպիական շարժումն ինձ համար կմնա որպես մանկության, պատանեկանության և երիտասարդության հուշ, որը լի է հակասական զգացողություններով` հաղթանակի բերկրանք, արդարության հաստատման մղում և միևնույն ժամանակ հիասթափության զգացումներ և վհատվածություն։
Այս տարիների համատեղ աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել` հաջող արդյունք ապահովելու համար. հենց ձեր բոլորի սպասումներն ու աշխատանքային արդյունավետությունն են վերջին 4 տարիներին եղել օլիմպիադայի կազմակերպման աշխատանքներում մնալու` իմ միակ մոտիվացիան, թեև երբեք չեմ զգացել վստահության և գոհունակության պատասխան մոտեցում։
Համատեղ արդյունավետ աշխատանքի համար առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հանձնախմբի նախագահի անփոխարինելի տեղակալ, իմ լավագույն ընկեր, պ.գ.թ., դոց. Հայկ Մխոյանին, ով իմ դժվար պահերին լիարժեքորեն փոխարինել է ինձ։ Շնորհակալություն եմ հայտնում հանձնախմբի փորձառու անդամներ Առաքել Գյուլբուդաղյանին, պ.գ.թ. Արման Մալոյանին և պ.գ.թ., դոց. Տիգրան Ղանալանյանին` օլիմպիական առաջադրանքներ կազմելու գործին ակտիվորեն մասնակցելու համար։ Շնորհակալ եմ հանձնախմբի անդամ պ.գ.թ. Տիգրան Գևորգյանին` ստուգման աշխատանքներին բարեխղճորեն և պատշաճ մակարդակով մասնակցելու համար։ Շնորհակալ եմ նաև հանձնախմբի ամենաերիտասարդ անդամներ Գուրգեն Մուրադյանին և Գևորգ Կեսոյանին` աշխատանքներին ներգրավվելու համար։
Շնորհակալություն եմ հայտնում նաև Քվանտ վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանին, ով 2018 թ. ըմբռնումով մոտեցավ իմ օբյեկտիվ քայլին, որ անհնար համարեցի հանրապետական հանձնախմբի նախագահ լինելու պարագայում շարունակել վարժարանի օլիմպիական խմբակի ուսուցիչը մնալ։ Շնորհակալություն բոլորիդ։
Ահա և վե’րջ..».