«Եվրոպայի օրը»` Երևանում (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր Երևանում անցկացվեց «Եվրոպայի օրը» (Europe Day), որի շրջանակներում Հյուսիսային պողոտայում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ: Տեղեկացնենք, որ Հայաստանում «Եվրոպայի օրը» կազմակերպվել էր «Deem communications» կազմակերպության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ջանքերով:

«Եվրոպայի օրվա» շրջանակներում ներկայացված էին մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են ամենատարբեր ոլորտներին: Նշենք դրանցից մի քանիսը` «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը` Հայաստանում հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարում», «Զբաղվածության, շահագործման բացառման և աշխատանքային իրավունքի պաշտպանություն», որի նպատակն է աջակցություն ցուցաբերել այն քաղաքացիներին, որոնց իրավունքները խախտվել են, «Երեխաների աջակցման կենտրոն», «Անչափահասների գործերով արդարադատության իրականացման արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում», «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացումը», որը զբաղվում է դեպի Եվրոպա անօրինական միգրացիայի դեմ պայքարով, և այլն:

Europe Day (20)

Եվրոպայի օրը, որպես տոն, նշվում է 1964 թվականից, սակայն Եվրոպայի միավորման գաղափարը ծագել է ավելի վաղ. 1950 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբեր Շումանի առաջարկով, որը հետագայում ստացավ Շումանի հռչակագիր անվանումը, միավորվեցին Ֆրանսիայի և Արևմտյան Գերմանիայի ածխահանքային, մետալուրգիական և երկաթգծային արդյունաբերությունները: Ի դեպ, այս մասին այսօր հարց հնչեց Հյուսիսային պողոտայում կազմակերպված մրցույթում, բացի այդ` հավաքված քաղաքացիներն իմացան, թե ով է Եվրամիության հիմնի հեղինակը (Լյուդվիգ վան Բեթհովեն), որ թվականին է ուժի մեջ մտել Հայաստան-Եվրամիություն գործընկերության ու համագործակցության համաձայնագիրը (1999 թ.) և այլն, իսկ նրանք, ովքեր ճիշտ պատասխանեցին հարցերին, ստացան մրցանակներ:

Իսկ մինչ այդ և նաև դրանից հետո «Եվրոպայի օրվան» մասնակցող երևանցիներին իրենց կատարումներով ուրախացրին հայտնի երաժիշտներ, մասնավորապես ակորդեոնահար Բորիս Եգանյանը:

Europe Day (13)

Europe Day (11)

Europe Day (7)

Europe Day (8)

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս