Հաղորդում խմբակային հանցագործության մասին

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում հոդված կա՝ «իմանալ- չհայտնելու» հատկանիշներով: Այդ հոդվածով մեղադրվում են այն հանցագործները, ովքեր տեղյակ լինելով ապօրինության մասին, միտումնավոր՝ շահադիտական կամ այլ նպատակներով, այդ մասին չեն հայտնում իրավապահ մարմիններին:

Երեկ հայտնի դարձավ, որ գրեթե նույն կերպ են վարվել նաև ՀՀ իշխանությունները՝ քաղաքացիների նկատմամբ: Պարզվում է, գազի սակագինը թանկացել է այս տարվա ապրիլի 1-ից, մինչդեռ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը սակագնի բարձրացման մասին հայտ է ներկայացրել միայն մայիսի 14-ին: Այսինքն՝ իշխանությունները («ՀայՌուսգազարդի» հայտը, տվյալ դեպքում, ընդամենը ձևականություն է) ուղիղ մեկուկես ամիս հանրությունից գաղտնի են պահել այն իրադարձությունը, որն իր նշանակությամբ լայն իմաստով հավասարազոր է հանցագործության:

Դժվար է ասել, թե ինչպիսի հանցատեսակներով կարող է հասարակությանը հասցվել այն վնասը, որը հասցվելու է գազի ու, շղթայաբար, նաև կենսական նշանակության մյուս ապրանքատեսակների թանկացման արդյունքում: Իշխանությունները, սակայն, այդ տեղեկատվությունը գաղտնի են պահել, հասկանալի է՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ հասարակության շրջանում դժգոհության ալիք չբարձրացնելու, այդպիսով՝ սեփական իշխանությունը չվտանգելու շահադիտական նկառումով:

Քրեական օրենսգրքով կարգավորվող «իմանալ-չհայտնելու» երևույթն այս մեկից տարբերվում է ընդամենը նրանով, որ եթե առաջինի դեպքում դա իրականցնող սուբյեկտն ազատազրկվում է մի քանի տարի ժամկետով, ապա երկրորդի պարագայում իշխող կուսակցությունը պահպանում է իշխանությունը՝ գրեթե նույն ժամկետով:

Ու երբ այսքանից հետո իշխանական որոշ գործիչներ հասարակությանը կոչ են են անում վստահել իրենց ու իրենց ներկայացրած ծրագրերին, իրականում քաղաքացիներին դրդում են հանցագործության՝ ոմանց գործունեության վտանգավորության մասին իմանալ- չհայտնելու իմաստով:

Տեսանյութեր

Լրահոս