Մտնելու են մարդկանց տներն ու տուգանեն, եթե ՔՊ-ն վերընտրվեց. Նաիրի Սարգսյան

«Փաշինյանական իշխանությունը հետքայլ կատարեց հայ ժողովրդին հայտարարագրելու իր որոշումից. դրանով ոչ թե աշխատող քաղաքացու համար լավ գործ արեց՝ ստեղծեց, այլ՝ իր իսկ ստեղծած չարիքն ընդամենը ժամանակավոր մեղմացրեց»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ հավելելով՝ քանի դեռ համապատասխան նախագիծը չկա, առաջարկում եմ մի փոքր էլ սպասել՝ հասկանալու համար, թե նախագծի մակարդակով իրենք իրենց նախկին ասածներն ինչպես են փոփոխելու։

«Այս պահին, ըստ արված հայտարարության, պարզ է դառնում, որ չեղարկում են հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսված տուգանքները։ Աշխատող քաղաքացու հայտարարագիրը ՊԵԿ-ը կլրացնի ինքնաշխատ եղանակով, իսկ քաղաքացին պետք է միայն մտնի ՊԵԿ կայք, նայի, թե ի՞նչ հայտարարագիր է ներկայացված իր անվան դիմաց, ապա դա համեմատի բանկի իր քաղվածքի հետ, ինչից հետո հաստատի կամ ոչ»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ խնդիրների առաջ են կանգնելու այն դեպքում, երբ ստիպված լինեն սեփական բանկային քաղվածքն ուսումնասիրել, որովհետև դրա համար նվազագույն գիտելիքներ են պետք։

Կարդացեք նաև

Ըստ Նաիրի Սարգսյանի՝ այստեղ հարց է առաջանում. օրինակ՝ թոշակառուներն ինչպե՞ս են իրենց բանկային քաղվածքը վերլուծելու։

«Կամ, ենթադրենք, քաղաքացու բանկային քարտին մեկ տարի առաջ փոխանցել են ինչ-որ գումար, և հիմա քաղաքացին չի հիշում, թե ով է եղել փոխանցողը։ Այդ դեպքում պետք է դիմի բանկ, որ իրեն փոխանցողի տվյալը տան, բանկից հրաժարվելու են, մինչդեռ, եթե դիմի, օրինակ, նույն հարցով քննչական մարմինը, կտան»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

ՔՊ-ի կողմից հայտարարագրման համընդհանուր մեխանիզմը ներդնելու ուղղությամբ արած հետքայլը, ըստ Սարգսյանի, հետևանք է նրա, որ 860 հազար քաղաքացուց հոկտեմբերի դրությամբ հայտարարագիր է ներկայացրել ընդամենը 123 հազարը։

«Այս հարցում գործ ունենք, ամենակարևորը՝ նախընտրական տարում քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակադրման հետ։ Քաղաքական PR ակցիա են իրականացնում. գիտեն՝ նախընտրական տարում 740 հազար մարդու չեն կարող տուգանելու մասին ծանուցում ուղարկել, թողել են վերընտրվելուց հետո՝ իրենց պատկերացմամբ։ Հետևապես, եթե այս ՔՊ-ն վերընտրվի,  մտնելու են մարդկանց տներն և տուգանեն նրանց, ուստի, քաղաքացիներն ամեն ինչ պետք է անեն, որ այս իշխանությունը չվերընտրվի»,- ասաց Սարգսյանը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս