Էջմիածնի տո՞ն, թե՞ նախընտրական եռուզեռ․ դրոշի փոխարեն՝ դրոշը հիշեցնող կտորներ, մի քանի շոու-աստղերով տոնական համերգ և 3 միլիոնանոց հրավառություն

Այսօր Էջմիածին քաղաքի տոնն է, բայց քաղաքի իշխանությունները որոշել են տոնական օրը դիմավորել քաղաքական էքսպերիմենտով՝ Էջմիածինը զարդարելով ոչ թե Էջմիածնի խորհրդանիշ դրոշով, այլ դրոշի ու զինանշանի գույները հիշեցնող առանձին կտորներով։ Սա, հավանաբար, զուտ Նիկոլ Փաշինյանին դուր գալու համար չէ՞ որ այդ դրոշի վրա քաղաքի զինանշանն է, որի տարբեր էլեմենտներ Մայր Աթոռի խորհրդանշական հիշեցումն ունեն՝ ինչպես, օրինակ, «դրոշի դեղին գույնը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է արքայական ծիրանին, քանի որ Էջմիածինը եղել է արքայանիստ քաղաք, իսկ մանուշակագույնը խորհրդանշում է քաղաքի կաթողիկոսանիստ լինելը»:

Ամեն դեպքում, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը շնորհավորական ուղերձ է հղել Էջմիածնի հիմնադրման 2710-ամյակի առիթով՝ նշելով. «Այստեղ է ծնվել մեր հավատքի խորհրդանիշը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը դարեր շարունակ եղել է ոչ միայն հոգևոր կյանքի կենտրոն, այլև մեր ազգային ինքնության ամուր հենարանը»:

ՔՊ-ական պաշտոնյան վերջում նաև հավելել է՝ թող Էջմիածինը շարունակի մնալ հայության հավատքի, մշակույթի և ազգային միասնության խորհրդանիշը՝ հավերժ վառ պահելով մեր ժողովրդի հոգևոր լույսը, թերևս մոռանալով, որ իր քաղաքական առաջնորդն ամենևին պատրաստ չէ միասնական տեսնել Էջմիածինը և ամեն գնով ցանկանում է «արշավել» Մայր Աթոռ՝ լավ իմանալով, որ դա առաջինը հարվածելու է ազգային միասնությանը։

Կարդացեք նաև

Ի դեպ, երեկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչությունը հաստատել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը՝ հաստատելով նաև ավելի վաղ շրջանառվող տեղեկությունները, որ  ցուցակը գլխավորելու է Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը։

Իսկ Մեխակյանը, թերևս, նաև նախընտրական տրամաբանության մեջ, արդեն մեծ շուքով է պատրաստվել Էջմիածնի տոնին այսօր նախատեսված է համերգ Վաղարշապատի Կոմիտասի անվան կենտրոնական հրապարակում։

Այս համերգի մասնակցող մի քանի արտիստների հետ կնքված առանձին պայմանագրեր արդեն տեղադրվել են armeps էլեկտրոնային համակարգում։

Այսպես, հոկտեմբերի 3-ին համապատասխան պայմանագրեր են կնքվել՝

ԱՁ Արթուր Հարությունյանի հետ՝ 1 միլիոն 700 հազար դրամով պատվիրակելով «Էթնոքոլորս» երաժշտախմբի համերգը։

13 միլիոն 810 հազար դրամ էլ արժեցել է «Ռեինկառնացիա» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը «Ռեինկարնացիա» խմբի 60 րոպե տևողությամբ համերգի համար:

5 միլիոն 400 հազար դրամ «Կրեատիվ Դեկոր» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրն է արժեցել, ըստ որի՝ 35-40 րոպե տևողությամբ այս համերգին հանդես կգա նաև Արամ MP3-ը: 

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի ելույթն էլ, ըստ պայմանագրի, կարժենա 550 հազար դրամ։

Ի լրումն այս ամենի՝ շուրջ 3 միլիոն դրամով (2 մլն 993 հազ. 300  դրամ) էլ  «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ն կապահովի տոնական հրավառությունը։

Տեսանյութեր

Լրահոս