
2023-ի հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամկետի մասին չգիտեր նույնիսկ քաղբյուրոյի հանգուցյալ ղեկավարը․ Tasnim

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Էսմայիլ Քաանին հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումն անցկացվել է այնպիսի խիստ գաղտնիության պայմաններում, որ դրա ժամկետների մասին տեղյակ չեն եղել նույնիսկ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի հանգուցյալ ղեկավար Իսմայիլ Հանիյան կամ Սեյեդ Հասան Նասրալլան, գրում է Tasnim-ը։
Իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Քաանին ընդգծել է այսպես կոչված «Փոթորիկ Ալ-Աքսա» գործողության շուրջ գաղտնիության ծայրահեղ մակարդակը, որը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։
«Ուշագրավն այն էր, որ ո՛չ մենք, ո՛չ Սեյեդ Հասանը, ո՛չ էլ Համասի բարձրաստիճան առաջնորդները տեղեկացված չէինք այս գործողության ճշգրիտ ժամանակացույցի մասին: Երբ հայտարարվեց Գազայի գործողությունը, Հանիան ուղևորվում էր օդանավակայան՝ Իրաք մեկնելու համար և ըստ էության, այդ մասին իմացել է վերադառնալուց հետո», – ասել է Քաանին:
Նա պարզաբանել է, որ թեև ոչ ոք նախօրոք տեղեկացված չի եղել հարձակման մեկնարկի մասին, «նահատակ Սեյեդ Հասան Նասրալլան մանրակրկիտ և մեթոդական կերպով արդեն իսկ որոշած է եղել անհրաժեշտ փուլերը»։
Գեներալ Քաանին նաև ասել է, որ «Հեզբոլլահի» կողմից գործադրված ճնշումը ստիպել է Իսրայելին իր բանակի մեկ երրորդը ուղարկել հարավային Լիբանան։