
Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը քննարկո՞ւմ է Տեր Արամի հարցը. Aysor.am

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հարցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեռ քննարկման առարկա չի դարձել։
Aysor.am-ը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին՝ տեղեկանալու՝ Տեր Արամի հարցը քննարկվո՞ւմ է Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբում։
«Ոչ, այս պահին նման բան չկա»,- պատասխանեց Տեր Եսային։
Հիշեցնենք՝ Տեր Արամը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր առաջնորդների մասին ինչ-որ հայտարարություններ արել, հայտարարել, որ խնդիրներ ունի իր թեմի առաջնորդի հետ և այլն։
Տեր Արամն անդրադարձել էր նաև Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ու ասել, թե, իբր, Գուգարաց թեմի հոգևորականներն, առանց Հովնան Սրբազանին տեղյակ պահելու, իրավունք չունեն Երևան գալու։
Հովնան Սրբազանը հարցազրույց էր տվել Aysor.am-ին՝ արձագանքելով Տեր Արամին։
Սրբազան հորից հետաքրքրվել էինք՝ Տեր Արամը կշարունակի՞ ծառայել եկեղեցում. «Հարցը, որ գա կարգապահական հանձնախումբ, եթե մարդն անկեղծ զղջա, դարձի գա, հնարավորություն միշտ էլ տրվում է։ Աստվածաշնչյան խոսք կա, ասում է՝ Աստված երբեք չի ցանկանում մեղավոր մարդու մահը, մեղք գործելը սարսափելի չէ, մեղքի մեջ մնալն է սարսափելի, որովհետև բոլոր մարդիկ էլ մեղավոր են, մարդը ենթակա է մեղք գործելու, բայց մեղքի մեջ խարխափելն է ամենամեծ մեղքը»։
Նշենք, որ հարցազրույցից առաջ էլ Տեր Արամը սոցցանցի իր էջում գրառումներ էր արել, իր խոսքով, եկեղեցական զազրելի բարքերի ու բարձիթողի կանոնների մասին։ Հայտարարել էր, թե բարձրաստիճան կուսակրոն հոգևորականները ամուսնացյալ քահանաներին վախեցնում են, լռեցնում, անուններ, սակայն, չէր նշել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր՝ աներկբա աջակցություն է հայտնում Տեր Արամին։