
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների. Պեսկով

Ռուսաստանը կնախընտրեր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով և պատրաստ է բանակցությունների, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նա այդ մասին հիշատակել է՝ ճեպազրույցում մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին և ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին ռուսական նավթից հրաժարվելու կոչը։
«Մենք պահպանում ենք մեր դիրքորոշումը, մենք պահպանում ենք բաց լինելու սկզբունքը բանակցային գործընթացի համար։ Մենք նախկինի նման հայտարարում ենք, որ մեզ համար նախընտրելի է ուկրաինական ճգնաժամի կարգավորումը քաղաքական- դիվանագիտական միջոցներով։ Ուստի այստեղ, մեր դիրքորոշումը լավ հայտնի է, այն ոչ մի կերպ չի փոխվել», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Մեկնաբանելով ԵՄ-ի կողմից սահմանափակող միջոցառումների նոր փաթեթի նախապատրաստումը՝ Պեսկովը հայտարարել է, որ Եվրամիությունը և նրա շատ անդամ երկրներ առանձին շարունակում են թշնամական գիծը Ռուսաստանի դեմ՝ սխալմամբ կարծելով, թե պատժամիջոցները կարող են ազդել Մոսկվայի դիրքորոշման վրա:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ենթակա չէ այդ պատժամիջոցների ազդեցությանը:
«Վերջին երեք տարիներին դա պերճախոս կերպով ցույց են տվել նախորդ 18 փաթեթները», – ասել է նա՝ նշելով, որ այդ պատժամիջոցներն, ակնհայտորեն, վնաս են հասցրել հենց Եվրամիության տնտեսությանը: