Հավատում եմ Աստծո դատաստանին․ Ես վախեցողներից չեմ․ Վարդան Ղուկասյան

Աշխարհում չկա մի երկիր, որ իր ժողովրդին այսքան հոգս պատճառի։ Այսօր հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` նշելով, որ զարմանում է և պատասխան չունի, թե ինչու են այսքան քրեական գործեր հարուցում։

«Նախկին քաղաքապետների 99 տոկոսը դատվում է, երկրում առողջ ուժը քարկոծվում է, վատ պիտակներ են կպցնում։ Ում հետևից որ ժողովուրդը գնում է, պետք է անպայման պետության կողմից թիրախավորվի»,- ասաց նա։

Նշենք, որ Վարդան Ղուկասյանի դեմ գործը կապված է Գյումրի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարման հետ։

Ղուկասյանի խոսքով՝ ինքը դատարանի դիմաց է միայն այն պատճառով, որ հողատարածք է տրամադրել, որպեսզի մարդիկ Գյումրիում բնակարաններ կառուցեն ու կենցաղային սպասարկման տարածքներ ստեղծեն։

«Երկրաշարժ տեսած քաղաքապետը, երկրաշարժ տեսած քաղաքում, եթե նմանատիպ գործելաոճ չունենա, ուրեմն նրան պետք է վռնդել քաղաքապետարանից։ Քաղաքի հատակագիծը փոփոխական է եղել։ 2006 թվականին է գործարկվել, բայց դրանից հետո 2023 թվականին են միայն քաղաքի հատակագիծը կարգավորել։ Հիմա նորից փոփոխություն է արվում։ Եթե մարդկանց թողել եմ, որ բնակարան կառուցեն 90 տոկոս փլված քաղաքում, ուրեմն մեղավո՛ր եմ»,- նշեց Վարդան Ղուկասյանը։

Գյումրու ընդդիմադիր քաղաքապետը վստահ է, որ որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված գործն էլ զուտ քաղաքական հետապնդում է։

«Երբ ինքը գնաց սրբազանի (Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի–խմբ.) դատին, ասացի` քեզ կձերբակալեն։ Մի տարի անցել է, հիշել են «շիբինը», որը փողոցներում են թափում, դրա համար ասում են՝ 90 հազար է կազմում, որը քաղաքապետարանում որպես գույք նստած չէ ու արժեք չի ներկայացնում։ Ծիծաղի առարկա է»,- ընդգծեց Վարդան Ղուկասյանը։

Տեսանյութեր

Լրահոս