«Չպիտի՛ պատիդ լինի նկար, որը հարևանի մոտ այլ էմոցիա կառաջացնի». Շուշիում հարսանիքն արած Գրիգորյան

Եթե բնակարան ես կառուցում, ապա պատերին չպետք է նկարներ ունենաս, որոնք հարևանի մոտ կարող են այլ էմոցիաներ առաջացնել։ Այսպես է կարծում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով այսօր երկրում տեղի ունեցող ներքին տրանսֆորմացիաների գործընթացը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության որոշմամբ` 2025-ի նոյեմբերի 1–ից ուժի մեջ կմտնեն ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրերում հայ սահմանապահների կողմից դրվող կնիքի տեխնիկական փոփոխությունները, ըստ որոնց, մասնավորապես, Արարատ լեռան պատկերն այլևս չի լինի։

«Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում, պատասխանելով լրագրողի հարցին, թե որքանով է ներքին դիմակայունության վրա դրական ազդում տեղի ունեցող տրանսֆորմացիան, որը վերաբերում է Արցախի, Ցեղասպանության, անկախության հռչակագրի, Արարատի և Արագածի, դրոշմանիշից սիմվոլների հեռացման հարցերին։

Գրիգորյանի կարծիքով՝ շատ լավ է, որ այդ բոլոր գործընթացները հրապարակային են, և հանրությունը հնարավորություն ունի դրանք գնահատելու։ Վստահ է, որ այս ճանապարհն անհրաժեշտ է մեր համապարփակ անվտանգությունն ապահովելու համար։

«Մենք կարծում ենք, քանի որ մենք խաղաղության ճանապարհով ենք ընթանում, հարցեր կան, որոնց պետք է անրադառնանք, և շատ կարևոր է, որ այդ հարցերին ամբողջովին հրապարակային ենք անդրադառնում։ Չկա որևէ գաղտնի գործընթաց, և հանրությունը, համոզված եմ, որ ընդունում է և համակարծիք է»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ նրա՝ իհարկե, բանավեճեր ու քննարկումներ կան, բայց քանի որ ազատ հասարակություն ենք, հասարակությունը կարող է իր տեսակետն արտահայտել նաև գալիք ընտրությունների ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս