
«Ընդդիմությունն ի բնե պետք է խնդիրը լուծի՝ մեր առաջարկն իմպիչմենտի գործընթացն է». Հայկ Մամիջանյան
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ լրագրողներն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակին նվիրված՝ իշխանությունները որևէ խոսք չհնչեցրեցին սեպտեմբերի 13-ին, ավելին՝ այդ օրը Հրազդանում համերգ կազմակերպեցին։
Հայկ Մամիջանյանը հարցին հարցով պատասխանեց՝ դրա ի՞նչը մեկնաբանի։
«Մեկնաբանեմ, որ մարդիկ ունակ չե՞ն հասկանալու, որ այդ օրը մեր տղաները հերոսաբար պաշտպանել են մեր հայրենիքը։ Ոչ ոք համերգին դեմ չէ, շատ լավ է, որ հրազդանցիներն ու կողքի քաղաքների բնակիչները լավ ուրախացել են, բայց դա կարելի էր անել նախորդ կամ հաջորդ շաբաթ։
Սա ցույց է տալիս վերաբերմունք, որ իրենք կա՛մ մոռացել էին, որը նույնպես ահավոր է, կա՛մ էլ թքած ունեն, նույնիսկ չգիտեմ, թե որն է ավելի ահավոր»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նա ընդգծեց՝ քաղաքացիներն իրենց վերաբերմունքը պետք է ցույց տան ու ապացուցեն Փաշինյանին ու իր մարգինալների այդ փոքր խմբակին, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունն այդպես չի մտածում՝ մեծարում է մեր զոհերին, հերոսներին։
«Կարծում եմ՝ որպես ամբողջություն՝ ընդդիմությունը պետք է ի բնե խնդիրը լուծի, իսկ դրա համար մեր առաջարկած լուծումն իմպիչմենտի գործընթացն է, որի համատեքստում մենք կազմակերպել ենք լսումներ, որի հետ կապված հարցերն ավելի հետաքրքրական են, քան ֆեստիվառը»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում