Բաժիններ՝

Նեպալի նախագահը համաձայնել է Գերագույն դատարանի նախկին նախագահին նշանակել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար

Նեպալի նախագահ Ռամ Չանդրա Պաուդելը պատրաստակամություն է հայտնել Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկիին նշանակել ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում:

Այս մասին հաղորդել է Nepal News պարբերականը:

Պաուդելը խորհրդակցություններ է անցկացրել փորձագետների հետ, սեպտեմբերի 11-ի երեկոյան նաև տեղի է ունեցել նրա հանդիպումը Կարկիի հետ:

Ինչպես գրում է պարբերականը, նա «սկզբունքորեն համաձայնել է Կարկիի թեկնածությանը»  ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում:

Սակայն պետության ղեկավարը հավանություն չի տալիս խորհրդարանի արձակմանը:Միևնույն ժամանակ Նեպալի սահմանադրությունը թույլ չի տալիս նշանակել նախարարների կաբինետի ղեկավարի, որը Ներկայացուցիչների պալատի անդամ չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդիր մարմինն արձակված է:

Նախագահը, ինչպես նշում է հարթակը, փորձում է գտնել այլընտրանքային լուծում, որը թույլ տա Կարկիին նշանակել այդ պաշտոնում՝ առանց խորհրդարանի արձակման:

Ժամանակավոր կառավարության ձևավորման շուրջ ավելի վաղ բանակցություններ են տեղի ունեցել Նեպալի բանակի կենտրոնակայանում, սակայն դրանք արդյունք չեն տվել:

Շաբաթվա սկզբին Կատմանդուում և Նեպալի մյուս քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել կոռուպցիայի և սոցիալական ցանցերի արգելքի դեմ բողոքի ցույցերից հետո: Դրանք հանգեցրել են երկրի վարչապետի հրաժարականին:

Բողոքի ցույցերի հիմնական մասնակիցներ են դարձել ուսանողները և Gen-Z երիտասարդական շարժման ակտիվիստները:

Ցուցարարները հրկիզել են պետական հիմնարկությունների շենքեր, այդ թվում՝ խորհրդարանի, Գերագույն դատարանի, դատախազության շենքերը, և հարձակվել են քաղաքական գործիչների և պաշտոնյաների տների վրա։ Երկրում սահմանվել է պարետային ժամ։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվն, ըստ AFP գործակալության, գերազանցել է 50-ը, վիրավորների թիվը հասել է 1300-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս