Բաժիններ՝

ՊԵԿ-ը ՀԷՑ-ի տասնյակ պահեստներում գույքագրման աշխատանքներ կիրականացնի

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում մեկնարկած համալիր հարկային ստուգումների շրջանակում սեպտեմբերի 15-ից «ՀԷՑ» ՓԲԸ-ի շուրջ վեց տասնյակ պահեստներում իրականացվելու են ամբողջական գույքագրման աշխատանքներ։

Մասնավորապես, «ՀԷՑ» ՓԲ Ընկերության թվով 61 պահեստներում ապրանքանյութական արժեքների գույքագրում իրականացնելու նպատակով Ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականի հիման վրա ստեղծվել են հանձնաժողովներ և համապատասխան աշխատանքային խմբեր:

Ընկերության պահեստներում կիրականացվեն հիմնական միջոցների, տեղակայման ենթակա սարքավորումների և պաշարների (ապրանքանյութական պաշարներ) մնացորդների գույքագրում և վերջիններիս փաստացի առկայության ուսումնասիրություններ:

«ՀԷՑ» ՓԲ Ընկերությունում ապրանքանյութական արժեքների գույքագրման շրջանակներում իրականացվելու են հետևյալ հիմնական գործառույթները.

Ապրանքների մնացորդների հաշվառման ճշտության ուսումնասիրություն:

Ապրանքների ձեռքբերման գնման ակտերի ուսումնասիրություն:

Ձեռք բերած կամ արտադրված, սակայն չփաստաթղթավորված պաշարների քանակների և տեսականու ուսումնասիրություն:

Պաշարների կորուստների վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրություն (փաստաթղթերով հիմնավորված կորուստներ):

Պաշարների մուտքերին և ելքերին վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրություն:

Վերոնշյալ ամբողջական գույքագրման արդյունքում հնարավորություն կստեղծվի տիրապետելու ճշգրիտ և ստուգված տվյալների, այդ թվում՝

Ապրանքանյութական արժեքների մնացորդների իրական պատկեր պահեստներում:

Շահագործման համար ոչ պիտանի ապրանքների ցանկ պահեստներում:

Ընկերության բնականոն գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտ գնումները ճիշտ պլանավորելու համար պահեստներում առկա ապրանքանյութական արժեքների՝ դեռևս կիրառման համար պիտանի ապրանքների ցանկեր, որոնք կօգտագործվեն նախատեսվող ծրագրերում՝ բացառելով կրկնակի գնումներն ու դրանց հետևանքով հավելյալ ռիսկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս