Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ

Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նշել են համագործակցության զարգացման և շարունակականության կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող քաղաքականությունը։ Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև խաղաղության և հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրմանը։

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը, ինչը նպաստում է նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղմանը։

Դեսպանները ողջունել են վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ դրանք որակելով որպես վճռորոշ քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն ապահովելու ուղղությամբ։ Նրանք նաև բարձր են գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի բարեփոխումների օրակարգին և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս