
Կասեցվել է Ոսկեվազի լավաշի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին պատկանող լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, համայնք Ոսկեվազ):
Հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքներն են: Արձանագրվել է, որ լավաշի այդ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի բազմաթիվ խախտումներով:
Մասնավորապես՝
չեն բացառվել առաստաղների վրա կեղտի կուտակումները, մասնիկները թափվելու հնարավորությունը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը,
պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
չի կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,
բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
բացակայել են բնական և մեխանիկական օդափոխության միջոցները,
չի բացառվել կենդանիների, միջատների ներթափանցումը արտադրական տարածք,
չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
Անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և լավաշի արտադրամասը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: