Բաժիններ՝

Ազատամարտիկները ՀՀ ԶՈՒ սպանված զինծառայողների հարազատների հետ պատրաստվում են բողոքի մեծ երթի

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ ազատամարտիկները ևս մի քանի օր կսպասեն ՀՀ վարչապետին հասցեագրած իրենց նամակի պատասխանին և կիրականացնեն բողոքի զանգվածային նոր միջոցառում՝ երթեր և ցույցեր: Ըստ ամենայնի, նրանց կմիանան նաև ՀՀ ԶՈՒ-ում սպանված զինծառայողների հարազատները, ովքեր մի քանի օր առաջ բողոքի ցույց էին անում ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Ինչպես հայտնի է՝ Արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկները դժգոհում են սոցիալական վիճակից, նրանք պահանջում են թոշակի բարձրացում և արժանապատիվ կյանք: Այդ իսկ պատճառով նրանք օրեր առաջ հայտարարել էին նստացույց, իսկ վերջում իրականացրին բողոքի երթ և նամակ հանձնեցին ՀՀ կառավարություն:

«Մեզ տեղեկություններ են հասել, որ որոշել են բարձրացնել մեզ տրվող թոշակները 10 հազար դրամով: Բայց ասեմ, որ չի գոհացնում, մենք այդ պատասխանին չենք սպասում: Ենթադրենք՝ 40 հազար դրամ ստացողը 50 հազար ստացավ, ի՞նչ… դրանով խնդի՞ր կլուծվի, ոչ, նվազագույնը պետք է 100 հազար ստանանք…»,- ասել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ով, հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում երկար ժամանակ պատասխանատու պաշտոն է զբաղեցրել, հետո ինքնակամ լքել է ապարատը:

Ազատամարտիկի խոսքով՝ իրենց նախաձեռնության շուրջ արդեն 150-200 հոգի գրանցվել է, մարդիկ նաև զանգահարում են մարզերից և առաջարկում միանալ բողոքի ցույցերին: Նա համոզմունք հայտնեց նաև, որ ՀՀ զինված ուժերում մահացած զինծառայողների հարազատները ևս կմիանան ազատամարտիկների պայքարին, քանի որ ընդհանուր հաշվով՝ «զինվորը զինվոր է, և մեր նկատմամբ թույլ է տրվել անարդարություն»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս