«Պարտված ղեկավարն իրավունք չունի պատմություն ու պատմության դասագիրք փոխելու, նա կարող է միայն հետևել Հիտլերի օրինակին…». Պատմաբան

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից հայց կներկայացվի դատարան՝ ընդդեմ «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Հայցով պահանջվելու է, որպեսզի գրքում տեղ գտած Ս. Շահրամանյանի վերաբերյալ զրպարտչական տեղեկությունները հերքվեն։

Դասագրքում նշված է, թե Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրել է Սամվել Շահրամանյանը, իսկ թե ինչ է եղել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և դրանից հետո, որևէ տող այդ մասին չկա։ Այս մասին նախորդ ամսվա վերջին հայտարարել էր փաստաբան Ռոման Երիցյանը, հայցը կներկայացվի արդեն այս շաբաթ։

Շուշիի պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Աշոտ Հարությունյանի բնորոշմամբ՝ ակնհայտ է, թե ինչ գործընթաց են իրականացնում ՀՀ իշխանությունները։

«Նախ այդ դասագիրքը սիրողական մակարդակով գրված դասագիրք է, այն չի կարելի համարել լուրջ, այն էլ՝ դպրոցներում ուսումնասիրելու համար։

Կարդացեք նաև

Այս ամենի նպատակը պարզ է՝ դրսի ճնշման տակ հայ աճող սերնդի մեջ ներարկվում է այն գաղափարը, թե տեսեք՝ Արցախը հանձնվել է արցախահայերի ձեռքով։ 99 տոկոս ճշմարտության դեմ, իշխանությունը ճշմարտության անվան տակ  ներկայացնում է 1 տոկոս կեղծիք։ Հասկանալի է, մենք բոլորս էլ այս ստորագրությունը քննադատել ենք, բայց մարդը Հայաստանում ասաց, որ այն որևէ ուժ չունի։ Այս ամենը քաղաքականություն է, և դա չպետք է ներկայացվի դպրոցական դասագրքերում, այդ ամենին պատմագիտությունն իր գնահատականը չի տվել։ Այսինքն՝ առանց ակադեմիական գնահատականի, եթե գիրք է տպագրվում ու միանգամից մտցվում դպրոց, նման բան որևէ երկրում չեք տեսնի»,- 168.amի հետ զրույցում նշեց Աշոտ Հարությունյանը։

Պատմաբանը նկատեց՝ պատմական բոլոր հրապարակումները ենթակա են վերաիմաստավորման, որովհետև ընդհանուր պատմությունը՝ անկախ նրանից, թե որ ժամանակահատվածում է գրված, հայությանն ինքնուրույն պայքարելու գաղափարից զրկում են։

«Պատմության բոլոր դասագրքերը պետք է փոխվեն, բայց դասագրքերը պետք է փոխի այն կառավարությունը, որը գոնե թշնամու հանդեպ վճռական հաղթանակ է տարել, ոչ թե պարտվել է։ Պարտված ղեկավարն առհասարակ որևէ իրավունք չունի պատմություն ու պատմության դասագիրք փոխելու, նա կարող է միայն հետևել Հիտլերի օրինակին և դրանով մեր պատմության համար խայտառակության էջը հավերժ ջնջի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է արցախցի դպրոցականներին, որոնք նույնպես պատմություն այդ դասագրքերով են սովորելու հանրակրթական դպրոցներում, Աշոտ Հարությունյանն ասաց՝ չի կարծում, թե ընտանիքներում արցախցի դպրոցականները չեն լսելու ճշմարտությունը՝ Արցախը հանձնողի վերաբերյալ։

«Որևէ արցախցի չի մոռացել, թե ինչ է կատարվել, հիշո՞ւմ եք, 70 տարի մեզ չէին թողնում, չէ՞, փաստորեն Հայաստանի հետ շփվել։ Բայց արցախցին չմոռացավ, որ ինքը Հայաստանի մի մասնիկն է։ Հետևաբար՝ իշխանությունների այս քարոզչությունը անիմաստ է, ահռելի գումարներ են ծախսում։ Եթե պատմաբանը նստել ու նման բան է գրել, ուրեմն ինքը հայ չէ։ Հայտնի քաղաքական դեմքերի հայտարարությունները չեն ջնջվել, Ռուսաստանի կայսրության նման ղեկավարության հայտարությունները ևս կան, բոլորը միանշանակ ասում են՝ եղել է գործարք, այլ բան չկա»,- ընդգծեց Աշոտ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս