
Բանկային գաղտնիքի հրապարակումը դժբախտության մի մասն է. մեծ մասն այն է, որ կեղծ բանկային տվյալներ էին տրամադրել դատախազությանը. Վահագն Դալլաքյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսել է իր վստահորդի հետ կապված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված «առանձնահատկություններից»:
Մասնավորապես, անդրադարձ կատարվեց նաև «Հայէկոնոմբանկի» կողմից դատախազությանը տրամադրված կեղծ տեղեկանքի մասին, որի հիման վրա դատախազությունը կատարել է հաշվարկներ ու Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց ներկայացրել:
«Բանկային գաղտնիքի հրապարակումը դժբախտության մի մասն է. մեծ մասն այն է, որ կեղծ բանկային տվյալներ էին տրամադրել դատախազությանը, և դատախազությունն իր հաշվարկները կատարելիս հիմնվել էր այդ տվյալների վրա: Սակայն մեզ մոտ պահպանվում էր բանկի տեղեկանքի բնօրինակը, որից երևում էր՝ բանկի միջոցով, այնտեղ եղած հաշիվներով ակտիվ և մեծ ծավալների շրջանառություն է եղել»,- ասաց փաստաբանը:
Հարցին՝ կասկածնե՞ր կան, որ բանկի տված կեղծ տեղեկանքը ոչ թե վրիպակի, այլ դիտավորյալ արարքի արդյունք է, Վահագն Դալլաքյանն ասաց՝ հաշվի առնելով բանկի բաժնետերերի հարաբերությունները Ռուբեն Հայրապետյանի հետ, բավականին մեծ կասկածներ կարող են լինել վրիպակի հարցում:
«Բայց անգամ դա էական չէ, այլ այն, որ դրանք սխալ տեղեկություններ էին, ու դրանց հիման վրա դատախազությունը սխալ հաշվարկներ է կատարել»,- ասաց Վահագն Դալլաքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: