
Պենտագոնում չեն բացառել Վենեսուելայում իշխանափոխության ուժային տարբերակը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի բացառել Վենեսուելայում ուժի կիրառմամբ իշխանափոխության հնարավորությունը՝ նշելով, որ դրա վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին Հեգսեթը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում:
«Ռեժիմի փոփոխությունը որոշում է, որը կարող է կայացնել նախագահը»,- նշել է նա՝ ընդգծելով՝ ամերիկյան վարչակազմում մնում են այն կարծիքին, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն աջակցում է երկրում արգելված նյութերի արտադրությանը և դրանց անօրինական ներմուծմանը Միացյալ Նահանգներ։
«Մենք գիտենք, որ նա ներգրավված է թմրաբիզնեսում։ Նա պետք է որոշի՝ շարունակե՞լ աջակցել թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, թե՞ ոչ»,- նշել է Հեգսեթը։
Ավելի վաղ ամերիկյան NBC հեռուստաալիքը հաղորդել էր, որ ԱՄՆ ռազմական հրամանատարությունը մտադիր է նավատորմ ուղարկել Վենեսուելայի ափերի մոտ՝ թմրաբիզնեսի դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով: Վենեսուելայի իշխանությունները դրան ի պատասխան հայտարարել են պահեստազորայինների լրացուցիչ զորակոչի մասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում տեղեկացրել էր, որ ամերիկացի զինվորականները հարված են հասցրել Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի մերձակայքում գտնվող նավի, որը տեղափոխում էր թմրանյութեր։ Ըստ Թրամփի, գործողության արդյունքում սպանվել է 11 ահաբեկիչ։