Վլադիմիր Պուտինը կանխել է թուրք-իրանական պատերազմը. մամուլ

Warfiles.ru-ի փոխանցմամբ՝ արաբական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել Սիրիա թուրքական հնարավոր ներխուժման մասին: Լիբանանյան MBC հեռուստաալիքը հայտնել է Թուրքիայում՝ Սիրիայի սահմանի մոտ, ամերիկյան հրթիռների տեղակայման մասին:

Չնայած թուրքական բանակն ավելի ուժեղ է սիրիական բանակից՝ Սիրիան պատրաստվել է պատասխան հարված հասցնել Թուրքիային: Scud-4 և Scud-5 հրթիռները Հալեպում, Համայում ու Իդլիբում դուրս են բերվել մարտական դիրքեր և շրջվել Թուրքիայի ուղղությամբ:

Թուրքիան իր հերթին իր հրթիռային մարտկոցներն է տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Թուրքերի նպատակը եղել է ոչ թե հրթիռային հարձակումը, այլ՝ Սիրիայի ներխուժող ցամաքային ստորաբաժանումներին աջակցելը:

Սակայն Ռուսաստանն ու Իրանը նախազգուշացրել են, որ Սիրիա Թուրքիայի ներխուժումը կհանգեցնի Իրանի կողմից պատերազմի մեջ մտնելուն, որը թուրքերի դեմ կկիրառի իր ժամանակակից հրթիռների ողջ սարսափելի զինանոցը:

Թուրք-սիրիական սահմանին իրավիճակը կտրուկ սրվեց մայիսի 11-ին Ռեյհանլում գրանցված պայթյուններից հետո: Թուրքիան ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրեց Սիրիային և որոշեց հարձակվել նրա վրա:

Սիրիան իր հերթին պատրաստվել էր հրթիռային պատասխան հարվածներ հասցնել Ստամբուլին, Անկարային ու Անթալիային: Եվ միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անհապաղ միջամտությունն է կանխել պատերազմը:

Պուտինը, մասնավորապես, հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ և ասել, որ Սիրիան կապ չունի Ռեյհանլըի պայթյունների հետ:

Պուտինը նաև չի բացառել, որ այդ պայթյունները կարող է կազմակերպած լինել «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK), որը սկսել է Թուրքիայի տարածքը լքելու գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս