
Կան շատ դիմում գրողներ, որոնք ճնշման պատճառով են գրել. ՀԷՑ-ը գլխատում են
ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո մոտ 45-50 աշխատակից է ՀԷՑ-ից հեռացվել։ Այս մասին նա ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եկեք չխոսենք միայն հեռացվածների մասին։ Կան շատ դիմում գրողներ, որոնք դա արել են տարբեր ճնշումների տակ։ Ես համարում եմ, որ իր նշանակումից հետո մինչև այսօր դիմում գրողներն անգամ հեռացվածի կարգավիճակ պետք է ունենան, որովհետև տարբեր ճնշումներով չեն դիմացել, շառից-փորձանքից հեռու` դիմում են դրել, գնացել»,- ասաց Ղազինյանը։
Նրա խոսքով՝ թեպետ ՀԷՑ-ի 6800 աշխատակիցների մեջ 45-50-ը կարող է փոքր թիվ թվալ, բայց խոսքը հիմնականում ղեկավարների մասին է։
«Չգիտեմ՝ իրենց կառավարությունում ինչպես է` նշանակվում են ըստ մտերմության կամ կուսակցական պատկանելության, մեզ մոտ այդպես չի եղել՝ ամեն ղեկավար պաշտոնյա ունեցել է հստակ գործառույթներ, որոնք չկատարելու դեպքում ուղղակի չէր կարող աշխատել»,- ասաց Ղազինյանը։
Նրա կարծիքով՝ այսպես պարզապես գլխատում են ՀԷՑ-ը։