
Թեհրանը հարգում է Մոսկվայի որոշումը. Իրանի ԱԳՆ-ն` «Թալիբանի» մասին

Իրանը հարգում է Աֆղանստանում Ռուսաստանի իշխանությունների` «Թալիբանի» կառավարությունը ճանաչելու որոշումը, Թեհրանը նույնպես նման որոշում կկայացնի, եթե Իրանի շահերը պահանջեն։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։
Հուլիսի 3-ին Ռուսաստանն աշխարհում առաջինը ճանաչեց Աֆղանստանում թալիբների կառավարությունը, որն իշխանության է եկել 2021 թվականի օգոստոսից։
«Մենք փոխգործակցում ենք Աֆղանստանի հետ։ Մեր շփումները շարունակվում են՝ պայմանավորված ընդհանուր կապերով, սահմաններով և խնդիրներով, որոնք պետք է լուծենք Աֆղանստանի իշխանությունների հետ միասին։ Ինչ վերաբերում է այս կառավարության ճանաչմանը, ապա անպայման կկայացվի անհրաժեշտ որոշում, երբ մեր շահերը պահանջեն դա», – ասել է Բաղային։
2021 թվականի օգոստոսի սկզբին «Թալիբանը» ակտիվացրեց իր հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտավ Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեց պատերազմի ավարտի մասին։ Աֆղանստանի այն ժամանակվա նախագահ Աշրաֆ Ղանին ռազմական ուղղաթիռով փախավ երկրից։ Օգոստոսի 31-ի գիշերը ամերիկյան զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայության գրեթե 20-ամյա ժամանակաշրջանին։ Այդ պահից սկսած` Աֆղանստանում օգոստոսի 15-ը նշվում է որպես ազգային տոն, և Բագրամի ռազմական բազայում զորահանդես է անցկացվում։