Ռուսաստանը ստեղծում է արհեստական ինտելեկտով մարտական ուղղաթիռ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Вертолеты России ընկերությունը պլանավորել է իր հեռանկարային ուղղաթիռները հագեցնել արհեստական ինտելեկտով:
Այս մասին HeliRussia 2013 միջազգային ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է ընկերության՝ զարգացման գծով տնօրեն Վլադիմիր Մակարեյկինը: Վերջինիս խոսքերով՝ նոր ուղղաթիռի պատկերը պետք է ձևավորվի մինչև 2025 թվականը:
Вертолет-2025 ուղղաթիռը պետք է ստեղծվի Ռուսաստանի ավիացիոն արդյունաբերության զարգացման պետական ծրագրի շրջանակներում: Ուղղաթիռի սարքավորումները հիմնված կլինեն տեխնիկական կամ ինտելեկտուալ նեյտրոնային ցանցերի և ոչ պարզ տրամաբանությամբ փորձագիտական համակարգերի վրա:
Հեռանկարային ուղղաթիռի ռազմական հնարավորությունների հետ կապված՝ ինտելեկտուալ սարքավորումը համակցվելու է «կրակիր և մոռացիր» սկզբունքով գործող նոր տեսակի սպառազինության ու հրթիռների ղեկավարման հետ, վտանգավոր գոտիներում կօգնի մանևրմանը, ինչպես նաև կկոորդինացնի ցամաքային և օդային ստորաբաժանումների փոխգործակցությունը:
Բացի այդ, ինտելեկտուալ սարքավորումը ուղղաթիռի կառուցվածքային տարրերի մոնիթորինգի հաշվին կապահովի թռիչքների անվտանգությունն ու կանոնակարգումը, CNS/ATM տեխնոլոգիաներով օդային շարժման ղեկավարման համակարգերի շնորհիվ կնվազեցնի անձնակազմի բեռնվածությունը, կապահովի թռիչքի բոլոր ռեժիմներով ուղղաթիռի ավտոմատ ղեկավարում:
Ուղղաթիռի ստեղծման համար արդեն իսկ հատկացվել է 2.5 միլիարդ ռուբլի: Ռուսաստանը «հինգերորդ սերնդի» մարտական ուղղաթիռի ստեղծման մասին հայտարարել է 2010 թվականին: