Բաժիններ՝

«Մարմարա» երկաթուղային թունելը կփորձարկվի օգոստոսի 1-ին

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի եվրոպական ու ասիական հատվածները միմյանց կապող «Մարմարա» երկաթուղային թունելի առաջին փորձարկումն իրականացվելու է օգոստոսի 1-ին: Այս մասին հայտնել է նախագծի տնօրեն Հալյուկ Իբրահիմ Օզմենը:

Երկաթուղային թունելի փորձարկումից հետո նախագիծն ամբողջովին շահագործման կհանձնվի այս տարվա հոկտեմբերին: Օզմենի խոսքերով՝ ներկայումս ավարտված է թունելի կառուցման մոտ 95 տոկոսը: Նա հավելել է, որ թունելում արդեն իսկ տեղադրվել են ռելսերը:

Ներկայումս արտադրման փուլում է գտնվում 35 վագոն, որոնք օգտագործվելու են նախագծում: «Մարմարա» երկաթուղու նախագծի երկարությունը կազմում է 76.3 կիլոմետր, որից 13.6 կիլոմետրը բաժին է ընկնում թունելին:

Երկաթուղու փոխադրման հզորությունը մեկ ժամում կազմելու է 75.000 ուղևոր՝ մեկ ուղղությամբ: Գնացքներն ուղարկվելու յուրաքանչյուր երկու րոպեն մեկ: Օրական երկու ուղղությամբ փոխադրման հզորությունը կազմում է 1.2 միլիոն մարդ:

«Մարմարա» և «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղիների շահագործման հանձնումից հետո հնարավոր կլինի գնացքով Պեկինից հասնել Լոնդոն (ոչ Ռուսաստանի միջոցով): Ավելի վաղ նշվում էր, թե «Մարմարա» նախագծի շահագործման հանձնումը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերի 29-ին, ինչը համընկնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-ամյակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս