
Բացահայտվել են տապակած կարտոֆիլի վտանգները

Հարվարդի հանրային առողջության դպրոցի հետազոտողները նախազգուշացնում են, որ տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման ռիսկը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ բժշկական ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 205 հազար մարդու տվյալներ, ովքեր շուրջ 30 տարի շարունակ լրացրել են իրենց սննդակարգի և առողջական վիճակի վերաբերյալ հարցաթերթիկներ։
Պարզվել է, որ շաբաթական երեք չափաբաժին տապակած կարտոֆիլ օգտագործելը 20 տոկոսով մեծացնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։
Մասնագետները շեշտում են, որ կարևոր է մթերքի պատրաստման եղանակը. կարտոֆիլով պատրաստված մյուս ուտեստները նման ազդեցություն չունեն։
Հետազոտողները կոչ են անում հրաժարվել պարզեցված մոտեցումից՝ «Կարտոֆիլը վտանգավո՞ր է», և դրա փոխարեն ուշադրություն դարձնել ճշգրիտ հարցադրմանը՝ «Ինչպե՞ս է այն պատրաստված և ինչո՞վ կարելի է փոխարինել»: