
Պահուստային ֆոնդից 111 միլիոն 685.000 դրամ հատկացվեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին․ չզեկուցվող հարցի երկրորդ կետը գաղտնի էր

Կառավարությունն այսօր իր թիվս չզեկուցվող այլ հարցերի՝ ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին» որոշումը, որի երկրորդ կետն, ի դեպ, գաղտնի էր։
Այս երկարուձիգ ձևակերպման տակ ընդամենը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանի նախագիծ-առաջարկն էր կառավարության պահուստային ֆոնդից «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման» ծրագրի շրջանակներում «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառման իրականացման նպատակով հատկացնել 111 միլիոն 685.86 դրամ։
Ի դեպ, նախագծին կցված ամփոփաթերթից տեղեկանում ենք, որ Ֆինանսների նախարարությունն առաջարկել է անհրաժեշտ ծախսերն իրականացնել պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի համար նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակներում, և դրա անհնարինության պարագայում նոր դիտարկել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը՝ որպես ծախսերի ֆինանսավորման աղբյուր։ Սակայն առաջարկությունը մերժվել է վարչապետի աշխատակազմի կողմից՝ մեկնաբանությամբ, թե վարչապետի աշխատակազմի ընդհանուր հատկացումների շրջանակում ազատ միջոցներ առկա չեն։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է.
«Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ»։