
Փաշինյանը կարող է Վեհափառին ձերբակալել, գրավել Վեհարանի շենքը, բայց կաթողիկոսին փոխել չի կարող. Նրա նկատմամբ ատելությունը հասել է գագաթնակետին. Քաղտեխնոլոգ

Շիրակի թեմի առաջնորդ Տեր արքեպիսկոպոս Աջապահյանը նույնպես կալանավորվեց՝ 2 ամիս ժամկետով և խիստ սահմանափակումներով։ Իշխանությունը Միքայել Սրբազանին մեղադրում է ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։
Երեկ Մայր Աթոռի տարածք ուղարկված դիմակավորված հատուկ ջոկատայինները, ոստիկանները, ԱԱԾ աշխատակիցները փորձում էին ուժով բերման ենթարկել Միքայել Սրբազանին, սակայն Մայր Աթոռում հավաքված բազմաթիվ հավատացյալները թույլ չտվեցին. մի քանի փորձից հետո Միքայել Սրբազանը ոտքով շարժվեց դեպի Երևան՝ անձամբ ներկայանալու Քննչական կոմիտե՝ հայտարարելով, որ ինքը թաքնվող չէ։
Դատարանը կալանքի որոշումը հրապարակեց այսօր առավոտյան, սրբազանին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ Միքայել Սրբազանի կալանավորմամբ այս փուլում Նիկոլ Փաշինյանը դեռևս չի հասել իր նպատակին, իսկ նրա գլխավոր նպատակը Գարեգին Բ Վեհափառին կալանավորելն է ու Վեհարանից հեռացնելը։
«Իշխանությունն իր առջև խնդիր է դրել, որ կաթողիկոսը հրաժարական ներկայացնի, բայց այս խնդիրը չի լուծել ու չէր էլ կարող լուծել։ Նիկոլ Փաշինյանը որևէ ձևով չի կարող հասնել կաթողիկոսի հրաժարականին։ Նա կարող է կաթողիկոսին ձերբակալել, գրավել Վեհարանի շենքը, բայց կաթողիկոսին փոխել չի կարող։ Հիշեցնեմ, որ անգամ Պարսից օկուպացիայի տարիներին զորքը Վեհարան չէր մտել, սպասել էին, որպեսզի կաթողիկոսը դուրս գա։ Բայց փաստորեն ՀՀ իրավապահներն ավելի հեռուն գնացին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Բադալյանը։
Շարունակելով՝ քաղտեխնոլոգն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին ձերբակալելու հրամանը կարող է տալ տարբեր պատճառներով, օրինակ՝ իրավապահները կարող են մտնել Վեհարան ու չգիտես՝ որտեղից, հանկարծ հայնաբերեն թմրանյութ ու ասեն՝ ահա կաթողիկոսին ձերբակալելու պատճառը։ Ամեն ինչ սպասելի է իշխանություններից, բայց իշխանությունները երբեք չեն կարողանալու փոխել կաթողիկոսին։
«Իհարկե, Նիկոլ Փաշինյանը կարող է ինչ-որ մեկին իր կողմից հռչակել «կաթողիկոս», որը չի կարող որևէ ազդեցություն ունենալ եկեղեցու ու հոգևորականության վրա։
Այս համատեքստում նաև ասեմ՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հասարակության ատելությունը հասել է իր գագաթնակետին։ Պատահական չէ, որ նա հերթական ֆեյսբուքյան գրառումն է կատարել, որ չհայհոյելու շաբաթօրյակ է սկսում։ Այսինքն՝ այս մարդու նկատմամբ խիստ բացասական վերաբերմունք է եղել, նա փորձեց կաթողիկոսին հասնել՝ չկարողացավ։ Այստեղ Եկեղեցին ճիշտ ճանապարհ է բռնել, այդ պարագայում էլ՝ ամբողջ ՔՊ-ն իր նպատակին չհասավ»,- հավելեց քաղտեխնոլոգը։
Մեր զրուցակիցը վստահ է՝ նիկոլ Փաշինյանի վրա որևէ բան չի ազդում, քանի որ բազմիցս ցույց է տվել, որ իրականացնում է իր բոլոր ծրագրերը, պարզապես այս պահին դադար է վերցնում՝ նոր ծրագիր իրականացնելու համար։
«Փաշինյանի ծրագիրը, որ Միքայել սրբազանը կմնա Վեհարանում, դուրս չի գա, հետո իրավապահները կգրոհեն Վեհարանի վրա, թե տեսեք՝ կաթողիկոսը պաշտպանում է «հանցագործի», և այդ հոդվածով կարող են նաև կաթողիկոսին էլ ձերբակալել՝ չաշխատեց։
Փաշինյանի նկատմամբ ատելությունն այնքան մեծ է, որ մտածում է՝ 1 շաբաթ հայհոյախառը գրառումներ չանի, այդ ատելությունը կնվազի, ինչն, իհարկե, այդպես չէ։ Այս ատելությունը կա, որ Փաշինյանի ու ՔՊ-ի հանդեպ դրսևորվելու է նաև հետո։ Իր պաշտոնավարմանը մնացել է 11 ամիս, ու ինքը որևէ կերպ ընտրություններով չի կարողանալու դառնալ վարչապետ, հետևաբար՝ այդ ատելությունն արտահայտվելու է և՛ նախընտրական փուլում, և՛ ընտրություններում։
Կրկնում եմ՝ դադար են վերցրել նոր ծրագիր մշակելու, որովհետև իրենց ծրագիրը չաշխատեց»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։
Հիշեցնենք, որ այս պահին 2 ամսով կալանավորված է նաև Բագրատ սրբազանը, ըստ իշխանությունների՝ ահաբեկչություն ու իշխանազավթում նախապատրաստելու համար։