Բաժիններ՝

Դժբախտությունը կանխելը մեքենավարի ուժերից վեր էր. ՀԿԵ պաշտոնյան` 14-ամյա տղայի դեպքի մասին

Գյումրի-Երևան էլեկտրագնացքի մեքենավարի ձերբակալությունն աննախադեպ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի տնօրենի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։

Ինչպես հայտնել ենք, մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին-Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով մահացել 14 տարեկան պատանի։

Ըստ ՀԿԵ–ի տարածած հաղորդագրության` Գյումրի-Երևան էլեկտրագնացքի մեքենավարը գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի` մեջքով դեպի գնացքը։

Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներցիայով ևս շուրջ 380 մետր` վրաերթի ենթարկելով պատանուն։ Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գնացքի մեքենավարը ձերբակալվել է։

«Նախկինում նման բան չի եղել։ Ես մոտ 40 տարի երկաթուղում եմ աշխատում, և մենք տեղեկություններ ստանում ենք այլ երկրների երկաթուղիներից։ Նման բան ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել, որ մեքենավարին ձերբակալեն»,- ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենի տեղակալը։

Նշենք, որ մամուլի տեղեկություններով` պատանին եղել է ականջակալներով, ու, ամենայն հավանականությամբ, չի լսել մոտեցող գնացքի և ձայնային ազդանշանների ձայները։

ՀԿԵ տնօրենի տեղակալը հավելեց, որ դեպքի վայրում գտնվել է նաև տղային պատկանող հեռախոսը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրա ուշադրությունը կենտրոնացած է եղել հեռախոսի վրա։

Սերգեյ Հարությունյանը շեշտեց, որ ձերբակալված մեքենավարը 3-րդ` ամենաբարձր կարգի մասնագետ է` աշխատանքի մեծ փորձով, դեպքի օրը երթուղի դուրս գալուց առաջ սթափության և առողջական վիճակի զննություն է անցել։

«Տվյալ դեպքերում մեքենավարները չպիտի պատասխանատվության ենթարկվեն, քանի որ դժբախտությունը կանխելը մեքենավարի ուժերից վեր էր։ Եթե քննությունը պարզի, որ մեքենավարը ազդանշան չի տվել, չնայած տեղում մարդիկ կային, որոնք ասել են, որ լսել են ազդանշանները, եթե պարզվի, որ ժամանակին չի արգելակել, այդ ժամանակ, իհարկե, պիտի պատասխան տա։ Բայց այդ ամենը կպարզվի, երբ հասկանանք, թե գնացքն ինչ արագությամբ է ընթացել, որքան է եղել արգելակմա ճանապարհի երկարությունը։ Այդ բոլոր պատասխանները կստանանք։ Տվյալ գնացքի վրա տեղադրված «սև արկղը» էլեկտրոնային է, կան մարդիկ, որոնք դա վերծանում են, ունենք նաև հատուկ սարք, որն այդ տվյալները նաև վերստուգում է»,– նշեց Հարությունյանը։

Կատարվածի ու նմանօրինակ այլ վթարների համար ՀԿԵ–ի փոխտնօրենն ավելի շատ պետական կառույցներին է մեղադրում`նշելով, որ ՀՀ–ում գործում է հատուկ միջգերատեսչական հանձնաժողով, որն ամեն տարի ստուգում է բոլոր ենթակառուցվածքները, արձանագրում անհամապատասխանությունները, կազմում արձանագրություններ, որոնք հաստատվում են ՏԿԵն–ի կողմից և տրվում են դրանք վերացնելու ժամկետներ։ Իրականում, սակայն, առնվազն վերջին հանձնարարականները, ըստ մեր զրուցակցի, հիմնականում մնացել են թղթի վրա։

ՀԿԵ փոխտնօրենի ներկայացրած վիճակագրության համաձայն` 2024թ-ին արձանագրվել է 168 թերություն, որոնցից 133-ը միջգերատեսչական հանձնաժողովի իրավասության ներքո են։ Դրանցից վերացվել է ընդամենը 4-ը։ Մնացած 35-ը ՀԿԵ–ի թերություններն են եղել, որոնցից 21-ն ընկերությունն արդեն վերացրել է։

«Այս տարի մարտին, մինչև միջգերատեսչական հանձնաժողովը գործի կանցներ, մենք մեր ուժերով որոշեցինք հանձնաժողով ստեղծել` ՆԳՆ-ից, Ճանապարհային դեպարտամենտից, ՏԿԵՆ–ից, ՏԻՄ–երից ներկայացուցիչներ ընդգրկելով, և Արարատի մարզում ստուգումներ անցկացրեցինք։ Հայտնաբերված անհապապատասխանությունների վերաբերյալ ապրիլի 4-ով արձանագրություններ կազմեցինք։ Ապրիլի 4-ից մինչև այսօր ոչ մի պատասխան չի եկել, թե ինչ են արել»,- նշում է Հարությունյանը։

Թերությունները հիմնականում վերաբերում են ապօրինի գծանցներին, որոնք էլ վթարների հիմնական պատճառ են դառնում։ Ներկա պահին դրանց թիվը ՀՀ-ում 100-ից ավելի է։ Մեծ մասը կառուցվել են համայնքային իշխանությունների թողտվությամբ և պետք է վերացվեն համայնքի ղեկավարների կողմից։

Անդրադառնալով հանրության տեղեկացվածության խնդրին` Սերգեյ Հարությունյանն արձանագրում է, որ ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ ուսումնական ծրագիր է մշակվել, որը տարբեր ուսումնական հասատություններում դասավանդվում է։

Մինչև 5-րդ դասարանի 800-1000 աշակերտ` իրենց ուսուցիչների հետ, անցել են կրթական ծրագիրը, բայց դա բավարար չէ դժբախտ պատահարները լիովին կանխելու համար։ Անվտանգության կանոնները, նրա համոզմամբ, պետք է քարոզվեն պետական մակարդակով։

Սերգեյ Հարությունյանը նշում է, որ տեղեկացվածության պակասի պատճառով Հայաստանում մեքենավարները ստիպված են աշխատել ամենօրյա սթրեսային վիճակում։

«Վիճակագրությունն արձանագրում է միայն վթարի դեպքերը, բայց օրական քանի՞ դեպք է լինում, որ մեքենան գծերը հատում, անցնում է գնացքի դիմացով կամ արգելափակոցը շրջանցում է, որ անցնի, մեքենավարը ստիպված արգելակում է, արագությունը` թուլացնում։ Այդ բոլորը սթրես է։

Մեքենավարը հո գիտի` քանի մետր է գնացքի արգելակման ուղին, գնացքը ինչքան պիտի անցնի մինչև կանգնելը։ Եվ, երբ տեսնում է հեռվից մեքենան, արդեն հասկանում է, որ եթե մեքենան չհասցնի անցնել, հանկարծ փչանա գծերի վրա, հաստատ բախում է լինելու»,- պարզաբանում է մասնագետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս