«Տա Աստված, պատերազմ չլինի. Ինքս խաղաղության ամենամեծ երազողներից եմ, բայց այս խաղաղությունը խաղաղություն չէ». Դավիթ Ամալյան

Մայիսի 20-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախատեսված էր քննարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենքի նախագիծը՝ այլընտրանքային զինվորական ծառայության մասին, սակայն քննարկումը հետաձգվել էր։

Հայկ Սարգսյանն էր առաջարկել հետաձգել նախագծի քննարկումը՝ նշելով, որ առաջարկներ է ներկայացրել Կառավարությանը, որոնք պետք է քննարկվեն գործադիրում։

Երեկ արդեն կառավարության հերթական նիստում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը։ Այդ նախագծով առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում  պետբյուջե վճարել 24 մլն դրամ,  6 ամսվա դեպքում՝ 5 մլն դրամ:

Քննարկելուց հետո Կառավարությունն ընդունել է նախագիծը, որը քննարկվելու է խորհրդարանի առաջիկա նիստում։

Կարդացեք նաև

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը ձեռնպահ է մնում այս նախագծի ու առհասարակ բանակի թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անելուց՝ շեշտելով, որ քանի դեռ այս իշխանությունն է ՀՀ-ում՝ որևէ բան չունի ասելու, հեռանալու դեպքում էլ ոչինչ չի ասի, բայց պատրաստ է ամեն ինչով լինել բանակի կողքին։

«Ոչինչ չեմ կարող ասել, մինչև բանակը չդառնա պետական գործիք, երբ այս իշխանությունը հեռանա, վստահ եմ՝ բանակը կրկին վերադառնալու է իր ուժեղ կարգավիճակին, հիմա լավ է, որ այսքանից հետո դեռ բանակ ունենք։ Բայց թե բանակն ինչ վիճակում է, ոչինչ չեմ ասի ու ինձ թույլ չեմ տա ասելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ամալյանը։

Նա վստահ է՝ 6 կամ 1 ամսով ծառայության վերաբերյալ մեկնաբանությունները ոչինչ չեն փոխելու։

Ինչ վերաբերում է այս համատեքստում հասարակության մեջ սոցիալական խավերի բաժանելու վտանգներին, Դավիթ Ամալյանը նշեց, որ նման բաժանումը հայ հասարակության մեջ վաղուց դրվել է։

«Այսօր բանակի հետ կապված բան չեմ ասի, տա Աստված՝ պատերազմ չլինի, ովքեր պատերազմ են տեսել, սա իրենց երազանքն է։ Ինքս խաղաղության ամենամեծ երազողներից եմ, բայց այս խաղաղությունը խաղաղություն չէ, քանի այսպես է, մեր բանակի ուժեղ գոյությունն ուղղակի անհրաժեշտություն է։ Ինքս միշտ համարել եմ, որ թշնամի չսիրելը թույլ մարդու նշան է, բայց ինքդ քեզ չսիրելը՝ թշնամուն ներս հրավիրել է, ինչն էլ արդեն բարություն չէ՝ խեղճություն է»,- ընդգծեց Դավիթ Ամալյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին խորհրդարանն ընդունել էր Հայկ Սարգսյանի հեղինակած մեկ այլ նախագիծ՝ կրկին ժամկետային զինծառայության՝ 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց վերաբերյալ։

Ըստ նախագծի, 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տրվում է հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, հինգերորդ՝  զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։

Տեսանյութեր

Լրահոս