
Տպավորիչ դրամական միջոցներ, բաժնեմասեր, այգետնակ ու բնակարան․ Հակոբ Արշակյանի նոր ու հին ձեռքբերումները

«Պետք է հանգիստ նստեք, լսեք, հարվածներն ուտեք»,- Ազգային ժողովում հերթական ծեծկռտուքի ավարտից հետո հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, արդեն ծեծկռտուքով աչքի ընկնել հասցրած, «ժողովրդավարության փարոս» ՔՊ-ի ներկայացուցիչ Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիրներին մեղադրելով դավաճանության մեջ և հաշվելով նրանց փողերը։
Մի կողմ թողնենք այն, որ նման ամպագոռգոռ հայտարարություններ չի կարող անել մի ուժի ներկայացուցիչ, որ Արցախի անունը տալով՝ եկավ իշխանության, իսկ հիմա ուղղակի ծպտուն չի հանում, կամ որը խոստացավ երջանիկ անհատի ու հզոր պետության մասին հեքիաթներ, բայց մեծացրեց Եռաբլուրն ու հենց Եռաբլուրում քարշ տվեց զոհվածների ծնողներին ու գաղթական դարձրեց 150 հազար արցախցիներին։ Եվ վերջում՝ ուրիշների փողերը չի կարող հաշվել մի ուժի ներկայացուցիչ, որի շատ թիմակիցների կենսամակարդակի բարելավումը տեղի ունեցավ 2018 թվականից հետո ու բոլորի աչքի առաջ։
Ինչևէ, այսօր մենք կփորձենք հաշվել ուրիշների փողերը հաշվող Հակոբ Արշակյանի ունեցվածքը, կամ գոնե այն, ինչի մասին նշվել է հայտարարագրում։
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ԿԿՀ է ներկայացրել 2024 թվականի գույքերի ու եկամուտների տարեկան հայտարարագիրը, որից տեղեկանում ենք՝ նա ապրում է կնոջ՝ Իզաբելլա Թադևոսյանի և 4 անչափահաս երեխաների հետ։ Արշակյանի կինն աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում որպես ավագ ինժեներ, ի դեպ, կնոջ հայտարարագիրը դեռ չի հանրայնացվել ԿԿՀ ռեեստրում։
ՔՊ-ականը որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով տնօրինվող 1 բնակարան, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում։ Բնակարանը, ըստ հայտարարագրի, ձեռք է բերվել 2017 թվականին։
Իշխող ուժի պատգամավորի դրամական միջոցները բավականին տպավորիչ են
Բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են 69 հազար 297 դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ կազմելով 756 հազար 647 դրամ։
Կանխիկ միջոցները տարեվերջին ավելացել են 500 դոլարով՝ տարեսկզբի 9500 դոլար և 2 միլիոն 500 հազար դրամից դառնալով՝ 10 հազար դոլար և 2 միլիոն 500 հազար դրամ։
Հաշվետու տարում Հակոբ Արշակյանի եկամուտները կազմել են 14 միլիոն 297.493 դրամ, որը, ըստ հայտարարագրի, ձևավորվել է ԵՊՀ-ից ստացած 78 հազար 750 դրամ աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարումներից և ԱԺ-ից ստացած 14 միլիոն 218 հազար 743 դրամից։
ՔՊ-ականը հայտարարագրում նշել է երկու փոխառության մասին․ վարկերի մայր գումարների մնացորդների չափերը կազմել են՝ 1 միլիոն 971 հազար 453 դրամ և 2 միլիոն 437 հազար 459 դրամ։
Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում
Հակոբ Արշակյանին է պատկանում «ԱՐԱՔՍԻՍ ԻՆԺԵՆԵՐԻՆԳ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը, որի իրական շահառու է դարձել 2017 թվականից, իսկ 2021 թվականից նրա կնոջն է պատկանում «ԴՐԻՄԲՈՔՍ» ՍՊԸ-ի 40 տոկոս բաժնեմասը, իսկ 2016 թվականից էլ՝ «ԻԷ ՍՏՈւԴԻՈ» ընկերության 48 տոկոս բաժնեմասը։
Հակոբ Արշակյանը «ՀԻՄԱ» ՀԿ-ի և «ՌԵԱԼ ԷԼԵՔՇՆՍ» ժողովրդավարության աջակցություն կենտրոնի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Քանի որ Հակոբ Արշակյանի կինն այս տարի չի հայտարարագրել իր ունեցվածքը, եկամուտներն ու ծախսերը, մի քանի դրվագներ հիշեցնենք նախորդ տարի ներկայացրած հայտարարագրից։
Այսպես, Հակոբ Արշակյանի կինը, բացի ամուսնու հետ համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանից, 2024 թվականին ներկայացրած 2023 թվականն ամփոփող հայտարարագրում նշել է նաև հենց այդ տարում Կոտայքի մարզում ձեռք բերված այգետնակի մասին։ Ջրվեժում այգեգործական զանգվածում հողամասի վրա կառուցված ամառանոցային այդ շինությունը գնվել է 2023 թվականի հունիսին 12,675,000 դրամով։ Իզաբելլա Թադևոսյանը նշել է նաև 2022 թվականին ձեռք բերված 2010 թվականի արտադրության Մերսեդես մակնիշի մեքենայի, 2023 թվականի վերջում գրեթե կրկնապատկված բանկային մնացորդների՝ 2 միլիոն 164․ 526 դրամի մասին։ Հակոբ Արշակյանի տիկնոջ 2023 թվականի եկամուտները կազմել են 16 միլիոն 627․ 099 դրամ։
2 բնակարանի, մեկ այգետնակի ձեռքբերման համար և մեկ անհայտ նպատակով վերցված վարկերի մայր գումարի մնացորդի չափն էլ նշվել է 59 միլիոն 170․ 334.32 դրամը, իսկ տարվա ընթացքում Արշակյանի կինը վարկի մարմանն ուղղել է 8 միլիոն 625,184 դրամ։ Եվ 3,740,00 դրամ էլ նա ուղղել է ուսման կամ այլ դասընթացների համար վճարումներին։
Ի դեպ, 168․am-ը հաջորդիվ կանդրադառնա Հակոբ Արշակյանի տիկնոջ 2025 թվականի հայտարարագրին ևս, երբ այն հանրայնացվի ԿԿՀ կայքում։