
36 միլիոն 420․000 դրամ, կամ՝ 93.805.54 դոլար․ ԿԳՄՍՆ-ի հերթական դրամաշնորհը՝ իր հոգեզավակ «Մշակույթի զարգացման» հիմնադրամին

Երևանում վերջերս կայացավ առաջին երաժշտական «Խազեր» մրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչն անցյալ տարի՝ 2024 թվականին գրանցված «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա» հիմնադրամն էր։ Այս միջոցառման տեխնիկական ապահովման և սպասարկման կազմակերպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարությունը՝ ի դեմս Ժաննա Անդրեասյանի, իր հոգեզավակ «Մշակույթի զարգացման» հիմնադրամով։ Նախարարությունն այս «վեհ առաքելության» համար իր ենթակայության տակ գտնվող հիմնադրամին պետբյուջեից հատկացրել է 36 միլիոն 420․000 դրամ՝ 93.805.54 դոլար դրամաշնորհ։
Ի դեպ, ստեղծումից՝ 2024 թվականի փետրվարի 29-ից ի վեր, ԿԳՄՍՆ-ն հիմնադրամին հատկացրել է միլիոնավոր դրամների 12 դրամաշնորհ։ Միայն 2025 թվականին՝ 5 ամսում դրամաշնորհների թիվը 7-ն է։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2024 թվականի տարեսկիզբը նշանավորել էր տարբեր նախարարություններին ենթակա հիմնադրամների ստեղծումով, որոնք բոլորը փաթեթավորել ու պայմանավորել էր ստեղծված անհրաժեշտությամբ։ Իսկ այս ընթացքում արդեն տեսանելի դարձավ, թե ինչպես են պետական բյուջեից աստղաբաշխական դրամաշնորհներ ուղղվում նորաստեղծ հիմնադրամներին, ասել է թե՝ հենց նախարարությունների գործառույթներն իրականացնելու համար։
«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հարցը դեռ 2024 թվականի փետրվարի 29-ի նիստում զեկուցել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը. «Հիմնադրամի միջոցով բարելավելու ենք ոլորտում կառավարման համակարգը. նախատեսում ենք ունենալ միասնական վարչատնտեսական կառավարման մոդել, որն առաջին փուլում կիրականացնենք թանգարանների համար»,- ասել էր նա։
Ավելի ուշ արդեն ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրությամբ ընդգծել էր, թե «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հանգուցային գործառույթներից է մարքետինգային գործունեությունը, որը կնպաստի մշակութային կազմակերպությունների ճանաչելիության բարձրացմանը, մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը:
Նշենք՝ հիմնադրամի նպատակներից մեկը նաև միասնական վարչատնտեսական կառավարման մոդելի ստեղծումն է, այդ թվում՝ միասնական տոմսային համակարգին անցումը։ Դեռ այդ օրերին մամուլում եղան հրապարակումներ, որ թանգարանային ոլորտի մասնագետները, փորձագետներն այդ առնչությամբ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել։ Նրանք նկատել էին, որ թանգարանները, որոնք պետք է կառավարվեն այդ հիմնադրամի կողմից, վարելու են մեկ հաշվապահություն, ունենալու են մեկ ղեկավար մարմին, ինչը նշանակում է՝ լինելու է կենտրոնաձիգ ու միահեծան կառավարում, որով թանգարանները զրկվելու են ինքնակառավարումից և ինքնուրույնությունից։
Ի դեպ, Մշակույթի զարգացման հիմնադրամը գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի տարածքում՝ 8-րդ հարկում։