
Սա ժողովրդավարություն չէ, սա քողարկված բռնակալություն է. Մարկո Ռուբիոն Գերմանիային կոչ է արել փոխել քաղաքական կուրսը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության ճանաչումը որպես աջ ծայրահեղական բռնակալություն է անվանել և Բեռլինին կոչ է արել փոխել իր քաղաքական կուրսը։
Այսօր Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության գերատեսչությունը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ճանաչել է որպես ծայրահեղ աջ կուսակցություն ամբողջ երկրով մեկ: Որոշումը կընդլայնի կազմակերպության դեմ իրականացվող հսկողության գործիքների զինանոցը և համարվում է կուսակցության արգելման միջանկյալ քայլերից մեկը, որը, մի շարք վերջին հարցումների համաձայն, առաջ է անցել արտահերթ ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքից (CDU/CSU):
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահներ Թինո Կրուպալլան և Ալիսա Վայդելը կուսակցության դասակարգումը որպես աջ ծայրահեղական շարժում համարել են հարված երկրի ժողովրդավարական ինստիտուտներին: Իսկ ահա Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել չշտապել և ուշադիր դիտարկել AfD-ի արգելման հնարավոր ընթացակարգը:
«Գերմանիան իր հետախուզության ծառայությանը նոր լիազորություններ է տվել ընդդիմությանը լրտեսելու համար: Սա ժողովրդավարություն չէ, սա քողարկված բռնակալություն է: Իրականում ծայրահեղականը ոչ թե հանրաճանաչ AfD-ն է, որը վերջին ընտրություններում երկրորդն էր, այլ իսթեբլիշմենթի կողմից իրականացվող սպանիչ բաց սահմանների քաղաքականությունը, որին դեմ է AfD-ը: Գերմանիան պետք է փոխի իր ընթացքը»,- գրել է Ռուբիոն սոցիալական ցանցում: