Բաժիններ՝

Ադրբեջանում դատապարտվել են «Եվրատեսիլ 2012»-ի ժամանակ ահաբեկչություններ պլանավորածները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատարանը այսօր կայացրել է «Եվրատեսիլ 2012»-ի նախօրեին Բաքվում ահաբեկչություններ պատրաստողների նկատմամբ դատավճիռը:

Դատարանում գործակալության աղբյուրները հայտնել են, որ դատարանը Ֆարիզ Բայրամովին և Իբրահիմ Սադիխովին (յուրաքանչյուրին) դատապարտել է 11 տարվա ազատազրկման, իսկ Ազեր Նազարովին՝ 12 տարվա ազատազրկման:

Նրանք մեղավոր են ճանաչվել հետևյալ հոդվածներով՝ 274-րդ (հայրենիքի դավաճանություն), 29-րդ և 214-րդ (մի խումբ անձանց կողմից ահաբեկչական փորձի ձեռնարկում) և 228-րդ (զենքի ու պայթուցիկ նյութերի ապօրինի կրում ու պահպանում):

Դրանով իսկ դատարանը նրանց մեղավոր ճանաչեց Բաքվում Իսրայելի դեսպանատունը պայթեցնելու փորձի մեջ: Նշվում է, որ դատավարության ընթացքում այդ անձինք մասնակիորեն ընդունել են իրենց մեղքը:

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը նախորդ տարվա գարնանը տվյալ մեղադրանքով ձերբակալել էր 40 մարդու, որոնք մեղադրվել էին Իրանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու մեջ՝ «Եվրատեսիլ 2012»-ի ժամանակ մի շարք դեսպանատների դեմ ահաբեկչություններ անցկացնելու նպատակով: Այդ անձանց մի մասն արդեն իսկ ազատազրկվել է տարբեր պատժաժամկետներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս