Օբաման հուսով է, որ հատուկ ծառայություններն առավել սերտորեն կփոխգործակցեն Բոստոնի ահաբեկչությունից հետո
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ ուժային կառույցները կուժեղացնեն փոխգործակցությունը, ինչպես նաև եզրակացություններ կանեն՝ կապված Բոստոնի պայթյունների և Ցարնաև եղբայրների պատմության հետ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին. «Ինչ վերաբերում է գերատեսչությունների միջև տեղեկատվության փոխանակմանը, ապա դա ստուգման առարկա է, ինչպես որ հայտարարել է ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը:
Պետք է հստակեցնել, թե ինչպես է փոխանցվել Ցարնաև եղբայրների և մասնավորապես Թամերլանի մասին տեղեկատվությունը և ընդհանրապես նրանց մասին ինչ է հայտնի եղել նախքան Բոստոնի ահաբեկչությունը»:
Թամերլան և Ջոհար Ցարնաև եղբայրները մեղադրվում են ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Դրա հետևանքով Բոստոնում զոհվել էր 3 և վիրավորվել էր ավելի քան 200 մարդ:
Ջոհարը ձերբակալվել է ապրիլի 20-ին, իսկ Թամերլանը դրանից մեկ օր առաջ մահացել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ ստացած վերքերից: