Սկանդալ՝ ՇՊՀ-ում. այլանդակ հայհոյանքներ, աղմուկ, իրարանցում՝ գիտխորհրդի նիստից հետո. մեղադրյալ թեկնածուի արկածները
2023թ. հունիսի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն հրապարակեց այն մասին, որ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) տնտեսագիտական ամբիոնի վարիչը 2022-2023 թթ. մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից, որպես կաշառք, ստացել է տարբեր չափերի գումարներ: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:
Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ վերը նշված համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը՝ Ա. Մ.-ն, շուրջ երկու տասնյակ ուսանողների 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից ստացել է տարբեր չափերի՝ 60.000-340.000 ՀՀ դրամ կաշառք: Ավելի ուշ պարզվեց՝ խոսքն Արթուր Մկրտչյանի մասին է:
19 ուսանողից տարբեր չափերի կաշառք պահանջելու և ստանալու համար Արթուր Մկրտչյանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք, ապա ազատ արձակվել ու շարունակել զբաղեցնել ՇՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնը:
Երբ 168.am-ն այդ առիթով նույն տարվա նոյեմբերին զրուցեց ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի հետ ու տարակուսանք հայտնեց, որ վերջինս շարունակում է պաշտոնավարել, երբ անգամ դատախազությունն էր հորդորել կասեցնել Արթուր Մկրտչյանի պաշտոնավարումը, ռեկտորն ասաց՝ «Իսկ իրավաբանորեն ո՞նց եք պատկերացնում այդ գործընթացը: Դատարանի որոշում չկա, կա անմեղության կանխավարկած: Երբ կլինի դատարանի համապատասխան վճիռ, այդ ժամանակ նոր կարվի քայլ»՝ հավելելով, որ Արթուր Մկրտչյանին աշխատանքից ազատելու հիմք ինքը չունի:
Դատարանի որոշում չկա, մարդը շարունակում է պաշտոնավարել, և այսօր168.am-ը ՇՊՀ-ից ահազանգ ստացավ, որ Արթուր Մկրտչյանը հայտնվել է նոր սկանդալի կիզակետում՝ այս անգամ՝ իր խուլիգանական վարքագծով:
Ի՞նչ է եղել ՇՊՀ-ում, կամ ինչո՞ւ է բորբոքվել դասախոս Մկրտչյանը:
Ապրիլի 2-ին ՇՊՀ-ում տեղի է ունեցել ամբիոնների վարիչների ընտրության հերթական գործընթացը: ԲՈՒՀ-ի գիտխորհուրդը պետք է ընտրեր Տնտեսագիտության և Օտար լեզուների ամբիոնների վարիչներին:
Տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնի համար պայքարել է մեկ անձ՝ վերոնշյալ մեղադրյալ Արթուր Մկրտչյանը:
Սակայն, ի զարմանս իրեն՝ արդյունքների ամփոփումից հետո պարզվում է, որ Արթուր Մկրտչյանը չի ընտրվել ամբիոնի վարիչի պաշտոնում, ու ըստ մեզ ահազանգած ՇՊՀ ուսանողների և աշխատակիցների՝ այստեղ սկսվում է այլանդակությունը:
Գիտխորհրդի նիստի մոտ 50 ներկաների ներկայությամբ, որոնց թվում են եղել ռեկտորը, պրոռեկտորը, ֆակուլտետների դեկանները, բազմաթիվ ուսանողներ ու ԲՈՒՀ-ի աշխատակիցներ, Արթուր Մկրտչյանը, մեր տեղեկությամբ, ամենավերջին հայհոյանքներն է տալիս ռեկտորին՝ նրան մեղադրելով իր չընտրվելու մեջ, ու դա անում է կանանց ներկայությամբ, ապա չբավարարվելով դրանով՝ հարձակվում է նրա վրա, փորձում հարվածներ տեղալ, սակայն ներկաները կանխում են հարձակումն ու դուրս են բերում Արթուր Մկրտչյանին նիստերի դահլիճից: Վատանում է որոշ ուսանողների ու ԲՈՒՀ-ի աշխատակիցների ինքնազգացողությունը, որոնց հետագայում ՇՊՀ բուժկետում օգնություն է ցուցաբերվել:
Դեպքից 2 օր անց Արթուր Մկրտչյանը դեռ շարունակում է պաշտոնավարել, իրավապահ համակարգից արձագանք չկա, երբ ամեն բան արձանագրված է դահլիճի տեսախցիկներով:
Իսկ հատուկ գլխավոր դատախազության համար նկատենք, որ խուլիգանությունը սա է, ոչ թե մարդկանց խոսելն այս կամ այն հաղորդման շրջանակում, ընդ որում՝ ոչ պետական ռեսուրսներով:
ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններոմ Եվրադաշինքի ցուցակը գլխավորող Լևոն Բարսեղյանն է: Նա սակայն չցանկացավ խոսել մեզ հետ՝ առանց անգամ հարցը լսելու: Մեր՝ պատշաճ ներկայանալուց հետո նա ասաց՝ ժամանակ չունի, ու անմիջապես անջատեց հեռախոսը:
168.am-ը թեմայի վերաբերյալ զրուցեց ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի հետ: Նրան հարցրեցինք՝ ինչո՞ւ Արթուր Մկրտչյանը չի հաշտվել իր պարտության հետ, ու ինչո՞ւ է ԲՈՒՀ-ում նման սկանդալային միջադեպ գրանցվում:
«Դե հիմա մարդ է, չի հաշտվել, կարծիք է հայտնել: Այդտեղ առանձնապես սկանդալային բան չկա, մի երկու խոսք է եղել»,- ամոթալի միջադեպը փորձեց մեղմ գույներով ներկայացնել ԲՈՒՀ-ի ռեկտորը:
Ստիպված եղանք Երվանդ Սերոբյանին հիշեցնել՝ ինչ է իրականում տեղի ունեցել ԲՈՒՀ-ում, ապա հարցրեցինք՝ շարունակո՞ւմ է պնդել, որ նա պետք է շարունակի պաշտոնավարել, ինչպես 1.5 տարի առաջ էր ասում, և առհասարակ ինչպե՞ս կարող է դասախոսը, այն էլ պատասխանատու պաշտոն զբաղեցնող ու այդ պաշտոնում կրկին աշխատելու հայտ ներկայացնող, նման վարքագիծ դրսևորել:
«Յուրաքանչյուր մարդ իր վարքի համար ինքն է պատասխանատու, բայց անկեղծ ասած, ես հայհոյանք չեմ լսել: Ես նորից ուշադիր կնայեմ տեսանկարահանված կադրերը, և եթե նման բան լինի, դա կունենա իր հետևանքը»,- ասաց ՇՊՀ ռեկտորը:
Մեր ճշտող հարցին՝ Արթուր Մկրտչյանն իր վրա չի՞ հարձակվել, չի՞ փորձել հարվածել, Երվանդ Սերոբյանը պատասխանեց.
«Ինձ վրա չի հարձակվել, պարզապես շարժվել է իմ կողմ: Ես նստածս տեղից նույնիսկ չեմ շարժվել, էդ մարդը 3-4 մետրից ավել ինձ չի էլ մոտեցել»:
Փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք Արթուր Մկրտչյանը բացատրել է իր վարքի պատճառները:
«Մենք առայժմ իր հետ չենք զրուցել: Ինքը շարունակում է աշխատել, որովհետև պիտի իրավական հիմքեր լինեն, ու եթե այդ հիմքերը բավարար լինեն չաշխատելու համար, չի աշխատի: Ես անմեղության կանխավարկածի կողմնակից եմ, ինչ վերաբերում է նախորդ գործին: Իսկ տվյալ էպիզոդի հետ կապված՝ այն, ինչ օրենքը պահանջում է և թույլ է տալիս, կարվի: Այս պահին ես դեռ իր հետ հանդիպում չեմ ունեցել, որպեսզի հասկանամ՝ զղջում եղե՞լ է, թե՞ ոչ: Միգուցե մարդը խորհում է: Ես բոլոր դեպքերում սպասում եմ: Եթե իր կողմից կլինի ցանկություն, ես էդ հանդիպմանը պատրաստ եմ, եթե չի լինի, կմտածենք՝ ոնց ենք շարժվում օրենքի կարգով»,-ասաց Երվանդ Սերոբյանը:



