Հովիկ Աբրահամյանը 2018-ին չի առաջադրվի. մամուլ
«Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անվան շուրջ վերջին շրջանում կրկին խիստ ուշագրավ խոսակցություններ են սկսել շրջանառվել՝ ընդհուպ այն մասին, որ աշնանը հնարավոր է՝ նա կրկին հրաժարական տա: Ընդ որում, այդ խոսակցությունները պտտվում են հենց իշխանական շրջանակներում»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և ներկայացնում Հովիկ Աբրահամյանի հետ հարցազրույցը ինչպես այդ, այնպես էլ՝ ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր կոալիցիային վերաբերող և մի քանի այլ հարցերի շուրջ:
– Պարոն Աբրահամյան, այսօր մամուլում գրվել էր, որ երկուշաբթի օրը Աբովյան փողոցում ոստիկանները թիկնազորաթափ են արել հանցագործ աշխարհում հայտնի նորադուզցի Արային և բերման ենթարկվածների մեջ է եղել նաև ձեր փեսան: Սա ի՞նչ պատմություն է:
– Ես տեղյակ չեմ, եթե նման բան լիներ, ես տեղյակ կլինեի: Ես մամուլից եմ դա լսել:
– Այսինքն, չի եղել:
– Չեմ կարծում, չէ:
– Վերջին շրջանում ձեր տրամադրությունն ակնհայտորեն ցածր է, ինչը չի վրիպել նաև լրագրողների աչքից, ինչո՞ւ:
– Իմ տրամադրությունը շատ լավ է, ինչ որ գրում են որոշ լրագրողներ, որոնք լուր են դարձնում տարբեր քաղաքական գործիչների կողմից, սուտ է: Եվ մարդիկ պետք է հասկանան, որ ուրիշին սևացնելով՝ իրենք չեն արժևորվում, սուտ տեղեկություններ չտարածեն:
Ընդհանրապես որևէ խնդիր չկա: Պարբերաբար խոսում են շտաբի գործունեության մասին, խոսում են, որ ինձ հեռացրել են, որ ես ընտրություններով չեմ զբաղվում: Նմանատիպ խոսակցություններ չկան, ես շտաբի, կուսակցության բոլոր գործառույթներից տեղյակ եմ, բոլոր քաղաքական գործընթացներից տեղյակ եմ, և իմ մասնակցությունը պարբերաբար ունենում եմ, այնպես որ շտաբը շատ նորմալ աշխատում է, մենք գործադիրում պարբերաբար լսում ենք շտաբի հաշվետվությունը, այսօր էլ ենք լսելու:
Դա որոշ լրագրողների ցանկությունն է, որը չի իրականանում: Իրենք եթե անելիք չունեն, ասել եմ, թող զբաղվեն իրենց ընտանիքի բարոյականությամբ: Ի՞նչ գործ ունեն՝ սուտ լուրեր են տարածում:
– Իշխանական շրջանակներում նույնիսկ խոսում են, որ հնարավոր է՝ աշնանը հրաժարական տաք:
– Ես չգիտեմ իշխանական որ շրջանակների մասին եք խոսում, բայց նման որևէ լուր, թեմա չի կարող լինել, ուղղակի աբսուրդ բաներ եք անում և այդ իշխանական, սուտ իշխանական շրջանակներից չգիտեմ ում մասին եք խոսում:
– Ու նաև ասում են, որ դուք հատուկ էիք Մոսկվա գնացել որպեսզի չմասնակցեիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որի ժամանակ ներկայացրեցին վարչապետին:
– Այդ հարցը մինչ այդ էլ որոշված էր, այդ նիստին ուղղակի համաձայնություն ենք ստացել, ինչի՞ մասին է խոսքը: Շատ բան են ասում, ամեն ինչ էլ խոսում են: Ես ուրախ եմ, որ այսքան ուշադրության կենտրոնում եմ և իհարկե, կոնկրետ ինչ ձևակերպեցիք, որևէ լուրջ հիմքեր չեն կարող լինել, որևէ խնդիր չկա: Ես կարծում եմ, որ դա ձեր կողմից նշված այն մարդկանց իշխանական, թե ոչ իշխանական, թե ընդդիմադիր ուժերի, անձերի գործն է, որոնք բան ու գործ չունեն, զբաղված են դրանով:
– Իշխանության ներկայացուցիչնե՞րը:
– Հնարավոր է, հնարավոր է: Բայց դա վատ է իրենց համար, որովհետև մի օր վերջը կգա իրենց այդ կեղտոտ գործերի, որոնցով իրենք զբաղվում են՝ հերյուրանքներ տարածելով:
– Իշխանության ներսում խոսում են, որ 2017-18թթ. ընտրություններից առաջ իշխանության ձեր թևը թուլացնելու փորձ է արվում:
– Ես իշխանության թև չունեմ: Եթե նկատի ունեք կուսակցությունը, մեր այսօրվա թիմը, գոյություն ունի թիմի ղեկավար և կուսակցություն, թիմակիցներ և յուրաքանչյուր մարդ ունի իր դերակատարությունը այդ կուսակցության, իշխանության մեջ: Ես մամուլում հանդիպել եմ, որ թևեր կան՝ երիտասարդների թև, այս թև, այն թև, նման թևեր չկան, դա զուտ բամբասանքներ են, միգուցե մարդիկ, որոշ անհատներ կայանալու խնդիր ունեն, բայց դա, իմ կարծիքով, չի կարելի անվանել թև:
– Խոսքն այն մասին է, որ իշխանության ներսում արդեն պայքար է սկսվել՝ Սերժ Սարգսյանի իրավահաջորդի համար:
– Ես 18 թվականի համար որևէ պայքար չունեմ անձնապես, որևէ ցանկություն չունեմ:
– Դուք չե՞ք առաջադրվի:
– Ոչ: Եվ նման հարց հիմա քննարկելը, իմ կարծիքով, անիմաստ է և թիմը միասին կորոշի՝ 17-ին էլ, 18-ին էլ:
– Մյուս թևը՝ վարչապետի, փորձում է ինքը իրավահաջորդ դառնալ:
– Ես ձեզ հավաստիացնում եմ, չկա…. Ես այդպիսի ցանկություն չունեմ: Եթե որևէ մեկը ունի, ակնհայտ կերևա: Գոնե ես չունեմ նման ցանկություն: Իմ կարծիքով, բոլոր լրագրողներն են դա տեսնում, որ որևէ մեկի վրա հոդված չեմ պատվիրում, որևէ մեկի վրա պատվեր չեմ իջեցնում, սուտ հերյուրանքներ չեմ տարածում այս անձի, այն թիմակցի, այն քաղաքական գործչի, այն իշխանության ներկայացուցչի մասին: Թող որևէ լրագրող ասի, որ Աբրահամյան Հովիկը որևէ մեկի մասին մի լուր է տարածել կամ ինչ-որ տեղեկատվություն, սուտ հերյուրանք, կամ որևէ մեկի մասին բան է խոսել: Ընդհանրապես, եթե ես բան եմ ունենում ասելու, ասում եմ ուղիղ:
– Ի՞նչ եք կարծում, առաջիկա ավագանու ընտրություններում ուժերի ի՞նչ դասավորվածություն կարող է լինել:
– Ես կարծում եմ, որ հանրապետական կուսակցությունը կհաղթի, 50 տոկոս կունենա ավագանու անդամների կազմում: Դա, իհարկե, ընտրության արդյունքները ցույց կտան, նաև դա մեր ցանկությունն է, մենք շատ ակտիվ աշխատում ենք, կուսակցության բոլոր ներկայացուցիչները, իսկ ինչ վերաբերում է 2-րդ, 3-րդ տեղերին, իմ կարծիքով, պայքարը գնում է և 2 օր մնաց, ցույց կտա ժամանակը: Բայց ես համոզված եմ, որ ՀՀԿ-ն առաջին տեղը կվերցնի:
– Վերջին շրջանում շատ է խոսվում, որ հնարավոր է, կրկին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կոալիցիա ձևավորեն, թեև երկուսն էլ պաշտոնապես հերքում են դա: Որքանո՞վ է դա հավանական:
– Նման հարց չի քննարկվել, դուք նկատի ունեք քաղաքի կառավարման մասո՞վ:
– Ե՛վ քաղաքի, և՛ կաոավարության. ու դրանով են պայմանավորում այն, որ նոր կաոավարաթյունը ձևավորվելու է վերջին ժամկետներում՝ մայիսի 9-ին:
– ճիշտն ասած, չեմ կարծում: Չենք քննարկել, բայց ես չեմ կարծում: Գոնե կառավարության մակարդակով՝ չեմ կարծում, որ կոալիցիա կկազմենք Բարգավաճի հետ:
– Իսկ ինչո՞ւ չեք կարծում:
– Որովհետև նման խնդիր, պայմանավորվածություն չկա և նման որևէ հարց մինչև այսօր չի քննարկվել, որովհետև նշանակվել է արդեն վարչապետը, որոշ նախարարներ, մինչև մայիսի 6-7-ը կնշանակվի ամբողջ կառավարությունը և որևէ քննարկում չկա: Երկու, երեք oր է մնում, եթե լիներ նման հարց, կքննարկվեր:
– Իսկ ճի՞շտ է, որ կառավարո֊ թյան կազմում ոչ մի փոփոխություն չի լինելու, չնայած դուք երկու նախարարի փոփոխության մասին ակնարկ էիք արել:
– Կապրենք՝ կտեսնենք: Երեք օր է մնացել, դիմացեք:
– Իշխանական կուլիսներում անընդհատ խոսվում է, որ աշնանը լուրջ փոփոխություններ են լինելու: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:
– Ես չեմ լսել նման բաներ, չեմ կարող ասել:
Լուսինե Բարսեղյան