«Էրդողանը քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու մեծ փորձ ունի. Իմամօղլուի շուրջ համախմբված է երիտասարդ զանգվածը, սա մեծ խնդիր է Էրդողանի համար». Մհեր Աբրահամյան

Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, որին իշխանությունները մարտի 19-ին ձերբակալել են, նրա հետ ձերբակալվել են նաև այլ անձինք։ Բողոքի ակցիաներն աստիճանաբար ավելի մեծ թափ են հավաքում, նրանք երեկ փակել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակը։

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետին մեղադրում են փողերի լվացման, պետական գումարների վատնման, ահաբեկչություններ ֆինանսավորելու մեջ։

Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան կոչ է արել քաղաքացիներին պահպանել կարգուկանոնը։ Նա հայտնել է, որ ուրբաթ գիշեր տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել է 16 ոստիկան, իսկ 53 անձ բերման է ենթարկվել, որոնք մեղադրվում են հասարակական կարգը խախտելու մեջ։

Խոսելով Թուրքիայում սկիզբ առած իրադարձությունների հնարավոր զարգացումների մասին, թուրքագետ Մհեր Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ Էքրեմ Իմամօղլուն՝ Թուրքիայում ունենալով բավականին բարձր վարկանիշ, իրականում կարող է հանդիսանալ այն խոչընդոտը, որը նախագահական հաջորդ ընտրություններում կարող է պարտության մատնել Էրդողանին։

Կարդացեք նաև

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Էրդողանը բավականին մեծ փորձ ունի պայքարելու իր քաղաքական հակառակորդների դեմ։ Հիշենք նրա պայքարը զինվորականության դեմ, որով կանխեց զինվորական հեղաշրջման փորձը Թուրքիայում։ Այժմ էլ նա փորձում է այս պայքարը մինչև վերջ տանել, բայց ի տարբերություն մյուս փորձերի, այս անգամ Իմամօղլուի աջակիցները բավականին շատ են։ Նրան հետևում ու նրա համար ցույցերի են դուրս եկել հատկապես երիտասարդները։ Իմամօղլուն լինելով երիտասարդ ու բավականին խարիզմատիկ կերպար, կարողանում է իր շուրջ համախմբել երիտասարդ զանգվածը։ Ի տարբերություն մյուս ցույցերի, այս ցույցերը չեն սահմանափակվում Անկարայով ու Ստամբուլով, տարածվում են Թուրքիայի շատ քաղաքներում, մասնավորապես՝ արևմտյան շրջաններում, որտեղ ապրում է ավելի զարգացած մասսան։ Իրականում այս ամենը մեծ խնդիր է Էրդողանի համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մհեր Աբրահամյանը։

Թուրքագետի դիտարկմամբ, Թուրքիայի նախագահը ստեղծված իրավիճակից դուրս գալու փորձ ունի, ուստի, եթե տարիքը ների ու կարողանա գործընթացները ճիշտ կազմակերպել՝ իրավիճակից հաղթանակով դուրս կգա։ Սակայն պետք է արձանագրել փաստը, որ Էրդողանը ձերբակալությունների հիմքում դրել է այնպիսի հոդվածներ, որով փորձում է համոզել թուրք ժողովրդին, որ Ստամբուլի քաղաքապետը ներգրավված է եղել տարատեսակ ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման, կոռուպցիայի մեջ։ Իսկ ամենակարևոր հոդվածը, որն այսօր առաջ են քաշել, վերաբերում է մանկապարտեզների շինարարության աշխատանքներում կոռուպցիոն գործընթացներին։

«Ներկայացնում են, որ Իմամօղլուն փորձել է հարստանալ երեխաների հաշվին։ Կարծում եմ՝ սա է Էրդողանը փորձում մատուցել հատկապես երիտասարդներին, թե՝ տեսեք, քաղաքապետը, որը ներկայանում է՝ որպես երիտասարդամետ գործիչ, երեխաների հաշվին փորձել է հարստանալ։

Սակայն Էքրեմ Իմամօղլուի վարկանիշը հատկապես վերջին օրերի ընթացքում բավականին բարձրացել է։ Միայն մեկ փաստ նշեմ՝ ինստագրամյան հարթակում 24 ժամվա ընթացքում նրա հետևորդների թիվն աճել է 400.000-ով, ինչը բավականին լուրջ թիվ է, ընդ որում՝ երիտասարդ զանգվածն է»,- հավելեց Մհեր Աբրահամյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ Թուրքիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված, Էրդողանը կենտրոնանա ներքին խնդիրների վրա՝ ուշադրությունից դուրս թողնելով տարածաշրջանը, Մհեր Աբրահամյանը պատասխանեց՝ գուցե այս ամենը որոշակիորեն շեղի հարցերի արագ լուծումը, բայց Էրդողանը չի շեղվելու արտաքին քաղաքական այն ուղեծրից, որը նախապատրաստել է։ Այդ խնդիրները վերաբերում են Սիրիային, Ուկրաինայի պատերազմին և, իհարկե, հայ-ադրբեջանական հարաբերություններին։

«Իրավիճակը գուցե Էրդողանին մի փոքր հետ պահի տարածաշրջանում ակտիվ գործողություններից, բայց արտաքին խնդիրներից նա հետ չի կանգնելու։ Նաև սին են այն միտումները, որ Էրդողանը կարող է Ալիևին հետ պահել ՀՀ-ի վրա որևէ էսկալացիա իրականացնելուց»,- ընդգծեց Մհեր Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս