Թուրքիայում երկրորդ գիշերն անընդմեջ բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ կապված Ստամբուլի քաղաքապետի կալանավորման հետ

APՍտամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո  հազարավոր մարդիկ ուրբաթ գիշեր մասնակցել են Անկարայում, Ստամբուլում և Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում անցկացվող բողոքի ցույցերին։

Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Բողոքի ցույցերին մասնակցել է նաև Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասը, որը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցությունները պետք է միավորեն ուժերը «անարդարության դեմ»։ 

Գործակալության տվյալներով՝ Անկարայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։

Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան կոչ է արել երկրի քաղաքացիներին պահպանել կարգուկանոնը։ Նա հայտնել է, որ ուրբաթ գիշեր տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել է 16 ոստիկան,  իսկ 53 անձ բերման է ենթարկվել և մեղադրվում է  հասարակական կարգը խախտելու մեջ։

 Թուրքիայում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ մարտի 19-ին իրավապահները ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին հակակոռուպցիոն հետաքննության շրջանակներում։ Դատախազությունը նշել է, որ Իմամօղլուի և մի քանի գործարարների հետ կապված ապօրինի ֆինանսավորման դեպքեր են հայտնաբերել։

Տեսանյութեր

Լրահոս