Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու Մայիսի 1-ը նշողների միջև (լուսանկարներ)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունն այսօր Ստամբուլում հարկադրված է եղել արցունքաբեր գազ և ջրնետ մեքենաներ կիրառել՝ Մայիսի 1-ի կապակցությամբ հավաքված ցուցարարներին ցրելու համար:
Լարված իրավիճակ է առաջացել Բեշիքթաշի շրջանում, ուր հավաքվել են Թուրքիայի Կոմունիստական կուսակցության, Աշխատավորական կուսակցության ու Halk evleri հասարակական-քաղաքական շարժման ակտիվիստները:
Ցուցարները ցանկացել են անցնել Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակ, սակայն իշխանությունները պաշտոնապես արգելել էին այնտեղ յուրաքանչյուր զանգվածային միջոցառման անցկացում՝ կապված դրա տրանսպորտային խոշոր հանգույց հանդիսանալու հանգամանքի հետ:
Դրանից հետո վճռականորեն տրամադրված ցուցարարները սկսել են քարեր և մոլոտովյան կոկտեյլներ նետել ոստիկանների վրա: Ոստիկանությունն էլ ստիպված է եղել արցունքաբեր գազ և ջրնետ մեքենաներ կիրառել ցուցարարների նկատմամբ: Մի շարք լրագրողներ վիրավորվել են ոստիկանության վրա նետված քարերից:
Իրադարձությունների կենտրոնում հայտնված լրագրողները ստիպված են եղել հագնել հակագազեր: Վիրավորներ կան նաև ցուցարարների շրջանում: Հրապարակ են բերվել բժշկական բրիգադներ: Ձերբակալվել է 20 մարդ:
Թաքսիմ հրապարակը տեղի արհմիությունների համար իրենց իրավունքների ու ազատությունների գլխավոր խորհրդանիշն է: 1978-2010 թվականներին այստեղ արգելվել են հանրահավաքները, սակայն երեք տարի առաջ իշխանություններն ընդառաջ գնացին աշխատավորներին՝ թույլ տալով Մայիսի 1-ը նշել այդ հրապարակում:
Այդ արգելքը կապված է 1977 թվականին Թաքսիմում գրանցված ողբերգական իրադարձությունների հետ: Այդ օրը Թուրքիայում անվանում են «արյունոտ մայիսի 1»: Այդ ժամանակ հրապարակում հավաքվել էր մոտ 500.000 աշխատավոր, և երբ հրապարակում ելույթ էր ունենում Թուրքիայի խոշորագույն արհմիության ղեկավար Քեմալ Թյուրքերը, անհայտ անձինք մոտակա երկու բարձրահարկ շինություններից կրակ բացեցին ամբոխի վրա: Կրակոցների ու դրանցից բխած խուճապի հետևանքոց զոհվել էր 36 մարդ: