Բաժիններ՝

Թեհրանի դեմ նոր պատժամիջոցները ցույց են տալիս ԱՄՆ-ի կեղծավորությունը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները մի շարք անձանց, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարի, մի քանի նավթատար նավերի և Չինաստանում Իրանի նավթի առևտրով զբաղվող երեք ընկերությունների նկատմամբ:

Այս մասին հայտարարություն է տարածվել Իրանի ԱԳ նախարարության Telegram ալիքում։ Անդրադառնալով ԱՄՆ-ի պաշտոնյաների բազմաթիվ պնդումներին, թե իրենք պատրաստ են բանակցությունների՝ Բաղային Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ԱՄՆ գործողությունը որակել է որպես այդ պնդումների կեղծ լինելու ևս մեկ բացահայտ ապացույց և Իրանի ժողովրդի զարգացման, առաջընթացի և բարօրության հանդեպ թշնամանքի ևս մեկ նշան:Իրանի ԱԳՆ խոսնակը ԱՄՆ-ի կախվածությունը անկախ երկրների նկատմամբ պատժամիջոցների և ճնշումների քաղաքականությունից համարել է օրենքի գերակայության խախտում միջազգային մակարդակում և սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

«Միացյալ Նահանգների նենգ գործողությունները՝ խաթարելու Իրանի տնտեսական և առևտրային շրջանառությունն այլ երկրների հետ, միջազգային իրավունքի և ազատ առևտրի հիմնարար սկզբունքների ու կանոնների բացահայտ խախտում են», – ասել է խոսնակը։

«Այդ անարժան գործողությունները չեն կարող սասանել Իրանի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու իրենց երկրի անկախությունը, արժանապատվությունը և հետագա զարգացման ու բարգավաճման կամքը», – հավելել է նա։

Պատժամիջոցների սահմանումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակն ԱՄԷ պատվիրակության կողմից հանձնվել էր Իրանին:

Նախորդ շաբաթ Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ Թրամփը սպառնացել էր Թեհրանի դեմ գործողություններ ձեռնարկել, եթե վերջինս չներգրավվի միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեջ:Թրամփը 2018 թ. մայիսին՝ իր առաջին նախագահության ժամանակ, միակողմանիորեն դուրս էր եկել 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից և 2025 թ. հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վերահաստատել Թեհրանի դեմ առավելագույն ճնշման արշավը: Իրանն իր հերթին հայտարարել է, որ ճնշման տակ չի բանակցելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս