Իրանի ԱԳՆ-ն անտեղի է համարում միջուկային ծրագրի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի և ևս երեք  երկրների խնդրանքն՝ անցկացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փակ նիստ Իրանում ուրանի հարստացման տեմպերի աճի քննարկման նպատակով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Անվտանգության խորհրդի փակ նիստի անցկացումը որոշ երկրների խնդրանքով նոր և տարօրինակ պրակտիկա է։ Այդ հանդիպումը կասկածի տակ է դնում այն ​​երկրների բարի կամքը, որոնք պահանջել են դրա անցկացումը», – մեջբերում է Արաղչիի խոսքը նրա մամուլի ծառայությունը։

«Մենք հուսով ենք, որ Անվտանգության խորհուրդը կկատարի իր գլխավոր խնդիրը՝ խաղաղության և անվտանգության ապահովումը, և տեղի չի տա որոշ երկրների ազդեցությանը», – հավելել է նա։

Մարտի 11-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 12-ին դռնփակ ռեժիմով կքննարկի Իրանի Իսլամական Հանրապետությունում հարստացված ուրանի աճող պաշարների հարցը։ Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ նիստը կանցկացվի Անվտանգության խորհրդի երեք մշտական ​​անդամների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի և ևս երեք երկրների՝ Հունաստանի, Պանամայի և Հարավային Կորեայի խնդրանքով։

Այդ երկրները ցանկանում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իրանին պարտավորեցնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) տեղեկատվություն տրամադրել ուրանի ծագման մասին Իրանի չհայտարարված միջուկային օբյեկտներում, այսինքն՝ այն օբյեկներում, որոնք Թեհրանը պաշտոնապես չի ճանաչում որպես միջուկային, և անհրաժեշտ չի համարում ԱԷՄԳ-ի մոնիթորինգի խիստ միջոցների սահմանումը դրանցում:

Թեհրանը թշնամական է համարում ԱՄՆ-ի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) մոտեցումն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։ 2024 թ. հունիսին այդ երկրները նախաձեռնեցին ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի կողմից փաստաթղթի ընդունում, որն Իրանից պահանջում էր բացատրել «անտրոպոգեն ծագման» ուրանի հետքերի հայտնվելը երկու չհայտարարված միջուկային օբյեկտներում և թույլ տալ գործակալության տեսուչների մուտքն այնտեղ։

Տեսանյութեր

Լրահոս