Բաժիններ՝

ՄԱԿ-ը Գազան հոսանքազրկելու Իսրայելի որոշումը «ցեղասպանություն» է որակել

Պատժամիջոցների բացակայությունը և Իսրայելին զենքի շարունակական մատակարարումը Գազայի հատվածի էլեկտրաէներգիայի դադարեցման ֆոնին համարվում է պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը մեղսակցություն: Այս մասին հայտարարել Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանիզը։

X-ում հրապարակված մեկնաբանության մեջ նա Գազայի հատվածը հոսանքազրկելու Իսրայելի որոշումը «ցեղասպանություն» է որակել: «Գազայի հատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը նշանակում է, այդ թվում, դադարեցնել աղազերծման կայանների աշխատանքը և, հետևաբար, մաքուր ջրի մատակարարումը», – ընդգծել է նա։

Պաշտոնյան հավելել է, որ Իսրայելի դեմ պատժամիջոցների և զենքի մատակարարման էմբարգոյի բացակայությունը, ի թիվս այլ բաների, նշանակում է «աջակցություն ցեղասպանության իրականացմանը»:Իսրայելը մարտի 9-ին հրամայել է դադարեցնել Գազայի էներգամատակարարումը՝ փորձելով ճնշել ՀԱՄԱՍ-ին, որպեսզի շարժումն ազատ արձակի իսրայելցի պատանդներին:

Ավելի վաղ Իսրայելն արգելել էր պաղեստինյան անկլավին հումանիտար օգնության բոլոր մատակարարումները և փակել էր բոլոր անցակետերը այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել էր ընդունել Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները շարունակելու՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ծրագիրը։

«Ես հենց նոր ստորագրեցի Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարման անհապաղ դադարեցման հրամանը։ Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ վերադարձնելու պատանդներին և ապահովելու, որ ՀԱՄԱՍ-ն այլևս Գազայում չլինի պատերազմի ավարտի հաջորդ օրվանից», – ասել է Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը տեսաուղերձում։ 

ՀԱՄԱՍ-ը դատապարտել է էլեկտրաէներգիայի անջատումը՝ որակելով այն որպես «մեր ժողովրդի վրա ճնշում գործադրելու հուսահատ փորձ»:Գազայի բնակիչներն այժմ էլեկտրաէներգիա արտադրելու համար հիմնականում ապավինում են արևային մարտկոցներին և վառելիքով աշխատող գեներատորներին: Հարյուր հազարավոր պաղեստինցիներ այժմ ապրում են վրաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս