«Փաշինյանը ձերբակալվելու է. չի էլ հասցնելու օդանավակայան հասնել». Արմինե Ադիբեկյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն այն կարծիքին է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, հետևաբար, իրավունք չունեն խոսելու Հայաստանի կողմից 9-րդ կետի չկատարման մասին:
«Մեծ քաղաքականությունը շահերի բախում է: Եթե գերիների վերադարձը համապատասխանի Ռուսաստանի շահերին, նա, իհարկե, համապատասխան գործողություններ կկատարի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ առաջին հերթին հայկական կողմը պետք է ներկայացնի փաստեր, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցները ռազմական հանցագործներ չեն:
«Երկրորդ՝ պետք է հավաքել և միջազգային հանրությանը ներկայացնել Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները: Երրորդ՝ ներկայացնեն, որ եթե անգամ զուտ տեսականորեն ընդունենք, որ գերեվարված անձինք ռազմական հանցագործներ են, այդ մարդիկ պաշտպանված են մի շարք միջազգային կոնվենցիաներով, որոնք առաջին հերթին բացառում են խոշտանգումները, իսկ այդ մարդիկ ադրբեջանական բանտում ենթարկվում են խոշտանգումների»,- ասաց նա:
Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գործում է՝ ելնելով ոչ թե Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերից, այլ՝ Ադրբեջանի և Թուրքիայի.
«Հետևաբար, նա կատարում է այն պատվերները, որոնք հնչում են այդ երկու պետություններից: Նա չի կարող ասել՝ ես Ադրբեջանի գործակալ եմ և անում եմ ամեն ինչ, որ ոչնչացնեմ ձեզ: Նա չի կարող նման բան ասել»:

Հարցին՝ բայց այդպե՞ս է, նա պատասխանեց. «Միանշանակ, և դրա փաստերն անծայրածիր շատ են: Նա քողարկում է իր քայլերը: Օրինակ՝ չի ասում, որ Բաքվի պատվերն է կատարում, այլ ասում է՝ ժողովուրդը դժգոհ է Սահմանադրությունից, դրա համար պետք է փոխել: Փաստն այն է, որ նա փոխում է Սահմանադրություն, և մենք գիտենք, որ դա Բաքվի պատվերն է: Նա չի կարող ասել, որ իր նպատակն է, որ Ադրբեջանը մաքսիմալ շատ վնաս հասցնի Հայաստանին: Նա դրանից շահում է անվտանգություն, անսպառ իշխանություն, որովհետև կարող է ցմահ մնալ ՀՀ վարչապետ: Դա ներում է ՀՀ օրենսդրությունը:
Եթե նախագահ լիներ, 8 տարի հետո կգնար, բայց վարչապետ կարող է լինել անսպառ և անվերջ: Մենք խնդիր ունենք և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ ժողովրդի, և՛ գործադրի, և՛ օրենսդրի հետ: Տեսեք՝ ովքեր են հիմա ԱԺ-ում նստած, քուչի գյադեք, որոնք չգիտեն՝ ում հետ ինչպես խոսել, ինչ տոնայնություն ընտրել, ինչի համար են նրանք ԱԺ-ում: Նրանք ունեն միայն մեկ նպատակ՝ ծառայել Փաշինյանին: Իսկ Փաշինյանը սպասարկում է Բաքվի շահերը, որ ապահովի իր իշխանությունը ցմահ:
Դա նրա անձնական անվտանգության հարցն է, որովհետև հաջորդ օրը եթե չլինի վարչապետ, նա ձերբակալելվու է, նա չի էլ հասցնելու օդանավակայան հասնել: Այն, ինչ նա արեց վերջին 7 տարվա ընթացքում, չի հաջողվել ոչ մի թշնամու: Փաշինյանի հետ խոսելու են ոչ թե նրա հիվանդ երևակայության արդյունքների հիման վրա, այլ՝ փաստերի: Իսկ փաստերն այն մասին են, որ 7 տարվա ընթացքում Փաշինյանը կործանել է ծաղկուն պետություն, անվտանգ պետություն, հեղինակություն վայելող պետություն: Դա էլ հո նախկիննե՞րը չեն ՀՀ հեղինակությունը սարքել փալաս»:
Արմինե Ադիբեկյանի խոսքով՝ Գյումրիի ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար լակմուսի թուղթ են լինելու, որպեսզի հասկանա՝ գնա՞ արտահերթ ընտրությունների, թե՞ ոչ.
«Նաև կիսում եմ այն կարծիքը, որ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշը խայտառակ ցածր է, օրինական ճանապարհով նրանք երբեք չեն հաղթի ընտրություններում, սակայն, հաշվի առնելով, որ ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսն այնտեղ է, մարդիկ գտնվում են պրեսինգի տակ… Մենք բոլորս ծաղրում ենք, բայց ախուրյանցի Անոյի պատմությունը բավականին խորհրդանշական է: Նա նիկոլիզմի և ՔՊ-ի ժողովրդական աջակցության խորհրդանիշն էր, որն ասաց, որ հիասթափվել է, և 24 ժամ հետո ասաց՝ տաքություն է ունեցել: Այդ կնոջ կարգավիճակում գտնվում է ամբողջ Գյումրին: Եվ հաշվի առնելով մարդկանց վախեցնելու, սպառնալու, կաշառելու հնարավորությունները՝ ՔՊ-ն հնարավորություն ունի հաղթել այդ ընտրությունները»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում



