
«Թրամփը նոր բարեկամներ է գտել և հեռանում է Եվրոպայից»․ Կայա Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, «մտերմանալով» Ռուսաստանի հետ, «հեռանում է» Եվրոպայից։
Axios հարթակին տված հարցազրույցում Կալլասը կարծիք է հայտնել, որ Թրամփն ու ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները, խոսելով ուկրաինական հակամարտության մասին, «կրկնում են ռուսական նարատիվներն ու թեզերը»։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է նաև՝ իրեն մտահոգում է, որ ԱՄՆ նոր վարչակազմը «նոր բարեկամների» հետ է մտերմանում։
«Մեզ վերաբերող հայտարարությունները կոշտ են, Ռուսաստանի հետ կապված հայտարարությունները շատ բարեկամական են, իսկ սա նկատելի փոփոխություն է»,- ասել է Կալլասը։
Հիշեցնենք՝ Եվրամիությունում մեծ ռեզոնանս է առաջացրել ԵՄ ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու՝ Թրամփի որոշումը, եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ Թրամփի այս նախաձեռնությունը նույնիսկ «տնտեսական պատերազմ» են որակել։